Թուրքական «Աքընջը» ԱԹՍ-ների սերիական արտադրություն է սկսել

Թուրքական «Աքընջը» ԱԹՍ-ների սերիական արտադրություն է սկսել

PanARMENIAN.Net - «Բայրաքթար ՏԲ 2» անօդաչու թռչող սարքեր արտադրող թուրքական Baykar ընկերությունը սերիական արտադրության է դրել «Աքընջը» (Akıncı) նոր տեսակի հարվածային ԱԹՍ-ները։ Դրանք շուտով կհանձնվեն Թուրքիայի ԶՈւ սպառազինությանը, տեղեկացնում է Razm.info-ն։

Այս մասին հայտարարել է Baykar ընկերության տեխնիկական գծով տնօրեն Սելչուք Բայրաքթարը, փոխանցում է թուրքական իշխանամետ «Հյուրիեթ» լրատվական գործակալությունը։

Այս ԱԹՍ-ի առաջին փորձնական թռիչքը եղել է 2019թ. վերջին, իսկ մինչ այդ դրա վրա փորձարկվել էին Ուկրաինայում հիմնադրված թուրք-ուկրաինական Black Sea shield ձեռնարկության մշակած ուկրաինական ԱԻ-450Տ շարժիչները։

ԱԹՍ-ի մշակումը սկսվել է 2017թ. մայիսից: Այն սկզբնապես նախատեսվում էր գործարկել «Թուրքական ավիաշինական արդյունաբերություն» ընկերության (TAI) մշակած PD 220 շարժիչով։

«Աքընջը» հարվածային ԱԹՍ-ի մարտավարատեխնիկական բնութագիրը հետևյալն է. թևերի բացվածքը 20 մ է, առավելագույն թռիչքային զանգվածը՝ 4500 կգ, օգտակար ներքին բեռնատարողությունը՝ 450 կգ, օգտակար արտաքին բեռնատարողությունը՝ 900 կգ։ Թռիչքի առավելագույն տևողությունը 24 ժամ է, թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 12 կմ։

ԱԹՍ-ին կարող է կցվել 6 հրթիռ։ Հնարավոր հրթիռներն են՝ MAM-L, MAM-C, BOZOK, CİRİT, SOM-A, LGK, HGK, KGK։ Սրանք բոլորը թուրքական տարբեր ընկերությունների արտադրանքներ են։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---