Ավինյան․ Կոնդի վերակառուցման մեր ծրագիրը պետք է նոր շունչ և կոնցեպտ բերի ասպարեզ

Ավինյան․ Կոնդի վերակառուցման մեր ծրագիրը պետք է նոր շունչ և կոնցեպտ բերի ասպարեզ

PanARMENIAN.Net - Երևանի պատմական Կոնդ թաղամասի վերակառուցման նախագիծը պետք է նոր շունչ ու կոնցեպտ բերի ասպարեզ, հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Նրա գրասենյակից հայտնում են, որ Ավինյանի գլխավորությամբ փետրվարի 11-ին կայացել է Կոնդի պատմաքաղաքաշինական միջավայրի և զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգող միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը:

«Կոնդը պատմամշակութային խոշոր արժեք է ներկայացնում: Այդ իսկ պատճառով թաղամասի վերակառուցման մեր ծրագիրը պիտի նոր շունչ և նոր կոնցեպտ բերի ասպարեզ: Այս թաղամասը Երևանի կոլորիտի բաղկացուցիչ մաս է, որի վերակենդանացումն ու նորացումը շղթայական ազդեցություն կունենա նաև տեղական տնտեսության, աշխատատեղերի ստեղծման, զբոսաշրջության ոլորտի վրա: Այստեղ պիտի համատեղենք քաղաքային միջավայրի նորն ու ավանդականը», - նշել է Ավինյանը:

Փոխվարչապետի խոսքով` Կոնդի վերակառուցումը լինելու է ներառական գործընթաց, լսելի պետք է լինեն բոլորի կարծիքները, և հաշվի առնվեն բոլոր դիտողությունները:

Համակարգող միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստում քննարկվել են մրցույթի նախագծի փաթեթին վերաբերող տարբեր հարցեր: Կոնդը Հին Երևանի թաղամասերից է, այժմ գտնվում է քաղաքի Կենտրոն վարչական շրջանում։ Թաղամասում պահպանվում են նախորդ դարերից մնացած շինություններ, որոնց պատմահնագիտական արժեքը, սակայն ուսումնասիրված չէ։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---