«Իսկանդերի» մասին վարչապետի խոսքը հերքած ԳՇ պետի տեղակալն ազատվել է պաշտոնից

«Իսկանդերի» մասին վարչապետի խոսքը հերքած ԳՇ պետի տեղակալն ազատվել է պաշտոնից

PanARMENIAN.Net - Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանն ազատվել է պաշտոնից։ Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիրը՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասին. Տիրան Խաչատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից», - ասված է հրամանագրում։

Ավելի վաղ «Իսկանդեր» հրթիռային հարձակվողական համակարգի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարարության առնչությամբ Yerevan.Today-ը դիմել էր Խաչատրյանին։ Ըստ հրապարակման՝ նա երկար ծիծաղել էր, հետո նոր պատասխանել հարցին։

Խաչատրյանը, ըստ աղբյուրի, ասել էր․ «Իհարկե՝ հնարավոր չէ... ո՞նց, «Իսկանդե՞րը»... Մեկ կրակո՞ցը... 10 տոկոսո՞վ... Կներեք սա լուրջ չէ (ծիծաղում է), չի կարելի նման բաներ խոսել, եզրահանգումներ անել: Չի կարելի առհասարակ հարցեր տալ այդ զինատեսակի մասին հեռախոսով և էդպես մակերեսորեն գնահատականներով եզրահանգումներ անել, լուրջ չէ: Ես չգիտեմ՝ ով ինչ է ասել, բայց դա հնարավոր չէ (նորից ծիծաղում է)։ Պարզապես կխնդրեմ չծավալել թեման ու այդ զինատեսակի մասին սխալ ընկալումներ չձևավորել»։

Դրան հաջորդել էր ՀՀ պաշտպանության նախարարության պարզաբանումը, որտեղ ասվում էր, թե «լրատվամիջոցի ներկայացուցչի հետ հեռախոսազրույցի ընթացքում Խաչատրյանն ասել է, որ չի կարելի նման թեմաներով խոսել և եզրահանգումներ անել, ինչից հետո լրագրողը մեջբերել է գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի գնահատականը, թե իբրև դա հնարավոր է, ինչն էլ առաջացրել է Տիրան Խաչատրյանի ծիծաղը»:

«Հոդվածում լրագրողն ակնհայտորեն ամբողջապես չի ներկայացրել և, փաստացի, խեղաթյուրել է հեռախոսազրույցի բովանդակությունը` ընթերցողների մոտ առաջացնելով թյուրըմբռնում, ինչը կարելի է որակել որպես տեղեկատվական սադրանք»,- ասվում է ՊՆ հայտարարության մեջ։

Տիրան Խաչատրյանը Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ էր նշանակվել 2020-ի հունիսի 15-ին։ Հոկտեմբերի 22-ին Արցախյան պատերազմի օրերին նա արժանացել է Հայաստանի Ազգային հերոսի բարձրագույն կոչման։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---