ՀՀ նախագահի ու ՄԻՊ աշխատակազմերը համատեղ կաշխատեն գերիների վերադարձի հարցում

ՀՀ նախագահի ու ՄԻՊ աշխատակազմերը համատեղ կաշխատեն գերիների վերադարձի հարցում

PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ՀՀ նախագահի ու ՄԻՊ աշխատակազմերը համատեղ կաշխատեն ինչպես գերիների վերադարձի, այնպես էլ միջազգային ատյաններում հայկական կողմի մտահոգություններն ու արձանագրած խնդիրները բարձրացնելու ուղղություններով:

Այս համատեքստում նախագահը կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող աշխատանքները, մասնագիտական դիտարկումներն ու փաստահավաք գործունեությունը:

Մարդու իրավունքների պաշտպանը նախագահին տեղեկացրել է վերջին ամիսներին ՄԻՊ աշխատակազմի կողմից կատարված աշխատանքների մասին: Նա մասնավորապես ներկայացրել է սահմանամերձ մարզեր պաշտպանի և պաշտպանի գրասենյակի աշխատակիցների պարբերական այցերի ընթացքում արձանագրված խնդիրները՝ նշելով, որ Ադրբեջանի իշխանության մարմինների կողմից շարունակաբար և հետևողականորեն իրականացվում են Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների` միջազգայնորեն ճանաչված իրավունքները ոտնահարող ծրագրված գործողություններ:

Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է նաև ՀՀ պետական սահմանների հետ կապված գործընթացի վերաբերյալ իրենց դիտարկումները՝ հայտնելով, որ մարդու իրավունքների կոպիտ խախտումներով ուղեկցվող գործընթացի վերաբերյալ ՄԻՊ-ն արդեն իսկ դիմել է համապատասխան միջազգային ատյաններին:

Հանրապետության նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանն առանձնահատուկ անդրադարձել են ադրբեջանական կողմում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի ուղղությամբ կատարվող աշխատանքներին: Արման Թաթոյանը նախագահին մանրամասն տեղեկություններ է տրամադրել ՄԻՊ-ի աշխատակազմի կողմից կատարված աշխատանքների մասին՝ նշելով, որ համագործակցում են ներգրավված բոլոր կառույցների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանn, անդրադառնալով փետրվարի 26-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած հայտարարություններին, թե իրենք 60-ից ավելի ահաբեկիչ են ձերբակալել, ասել է, որ Ադրբեջանում պահվող հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք կարգավիճակով գերիներ են, նրանց թիվն ավելի շատ է, քան ադրբեջանական իշխանությունները հաստատել են։ Ըստ ՄԻՊ-ի՝ անթույլատրելի է նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը մեկնաբանել այնպես, իբր դրա գործողությունը տարածվում է միայն այդ հայտարարության ստորագրումից առաջ առկա իրավիճակի վրա։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---