Սարգսյանը` Գասպարյանի հարցով իր որոշման մասին. Նախագահը սև կամ սպիտակ չէ, շահարկումն անընդունելի է

Սարգսյանը` Գասպարյանի հարցով իր որոշման մասին. Նախագահը սև կամ սպիտակ չէ, շահարկումն անընդունելի է

PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահի կողմից իրեն ներկայացված ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկության վերաբերյալ հրամանագրի նախագիծը առարկություններով վերադարձնելու փաստն անթույլատրելիորեն շահարկվում է և արժանացել է ոչ համարժեք արձագանքի: Այդ մասին ասվում էնախագահի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ:

«Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է միմիայն Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով, անաչառորեն և որոշումները կայացնում է առաջնորդվելով բացառապես համազգային և համապետական շահերով:

Հանրապետության նախագահը չի ներկայացնում որևէ քաղաքական ուժի շահերը, սև կամ սպիտակ չէ, և այդ առումով անթույլատրելի և անընդունելի է ցանկացած շահարկում:

Հանրապետության նախագահի՝ պետության գլխի կարևորագույն առաքելությունն է հետևել Սահմանադրության պահպանմանը և նախագահի ինստիտուտը ծառայեցնել որպես բանակցելու և երկրում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղիներ գտնելու հարթակ: Հանրապետության նախագահը բազմիցս առաջարկել է և վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ բանակցությունների սեղանի շուրջ համախմբելու քաղաքական ուժերին՝ տարաձայնությունները հարթելու և փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելու նպատակով:

Հանրապետության նախագահը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծն իր առարկություններով վերադարձրել է՝ իրացնելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իր լիազորությունը»,- ասվում է դրանում:

Փետրվարի 25-ին Հայաստանում Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջել էր վարչապետի ու կառավարության հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցներին օրվա ընթացքում հրավիրել էր Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել՝ ռազմական հեղաշրջման փորձ: Վարչապետը հայտարարել էր, որ իրեն ժողովուրդն է իշխանության բերել, ժողովուրդն էլ պիտի որոշի՝ պաշտոնավարման հարցը։ Փետրվարի 27-ին նախագահն առարկություններով վարչապետին հետ էր ուղակել ԳՇ պետի պաշտոնանկության որոշումը։ Վարչապետն այն կրկին նախագահին էր ուղարկել։ Ավելի ուշ«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը հայտարարել էր, որ «Սարգսյանի քայլերը, կարծես, բացասական հետևանքներ առաջացնելուն են միտված, կարելի է արձանագրել, որ առերևույթ հիմքեր կան նրա պաշտոնանկության գործընթաց սկսելու համար»:

Նախագահականից հիշեցնում են, որ Սահմանադրական դատարանն իր 2020-ի մարտի 31-ի ՍԴՈ 1518 որոշմամբ ամրագրել է՝ Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրությամբ սահմանված հիմքերով (կարգով) իրականացվող հայեցողական լիազորություններից են զինված ուժերի բնագավառում՝ ԶՈւ և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը նշանակելու և ազատելու այլընտրանքային լիազորությունը:

«Նախագահի առարկությունները չընդունելու վերաբերյալ հիմնավորումները Հանրապետության նախագահի աշխատակազմ են ուղարկվել 2021թ. փետրվարի 28-ին երեկոյան և մուտքագրվել են դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը՝ 2021թ. մարտի 1-ին: Հանրապետության նախագահը հրամանագրի նախագծի վերաբերյալ իր դիրքորոշումը կարտահայտի համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի և օրենսդրությամբ սահմանված ժամկետներում»,- ասվում է հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---