ՌԴ մեկնած արտագնա աշխատողներին առաջարկում են ծառայել Ռուսաստանի բանակում

PanARMENIAN.Net - ՌԴ պաշտպանության նախարարությունն առաջարկել է Ռուսաստանում աշխատանքը կորցրած օտարերկրյա ներգաղթածներին համալրել Ռուսաստանի բանակի շարքերը, հաղորդում է «Տրուդ» թերթը: Նման առաջարկով հանդես է եկել պետքարտուղար, ՌԴ պաշտպանության փոխնախարար գեներալ-գնդապետ Նիկոլայ Պանկովը: Նա, ճիշտ է, վերապահում է արել, որ օտարերկրացիներն նախկինում եւս զրկված չէին այդ հնարավորությունից: «Օտարերկրյա քաղաքացիները, -հիշեցրել է Պանկովը,-ըստ ՌԴ օրենսդրության իրավունք ունեն պայմանագրային զինվորական ծառայության անցնել ՌԴ Զինված ուժերում»: Ոչ մի սահմանափակում օտարերկրացիների համար չկա` կվերցնեն բոլոր ցանկացողներին: Սակայն դրա համար օտարերկրյա քաղաքացիները պետք է լավ տիրապետեն ռուսաց լեզվին, գտնվեն երկրում օրինական հիմունքներով, ունենան միջնակարգ կրթություն եւ, իհարկե, ամուր առողջություն:



Ըստ պաշտոնական տվյալների, ռուսական բանակում ծառայում է 308 օտարերկրյա քաղաքացի: Միայն անցյալ տարի 669 օտարերկրացի է դիմել զինկոմիսարիատ, սակայն մեծ մասը մերժում են ստացել:



Տեսականորեն այդ իրավունքից կարող է օգտվել օրինական հիմունքներով ՌԴ-ում գտնվող ցանկացած օտարերկրացի: Սակայն ոչ պաշտոնապես զինկոմիսարիատները հրահանգ են ստացել ծառայության ընդունել միայն ԱՊՀ ու Բալթիայի երկրների քաղաքացիների: Նախապատվությունը տրվում է ազգությամբ ռուս զինակոչիկներին:



Ըստ պաշտոնական տվյալների, ՌԴ բանակում այժմ ծառայում են Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Մոլդովայի, Ղրղզստանի, Հայաստանի քաղաքացիներ, ինչպես նաեւ Լատվիայի երկու քաղաքացիներ, երկու գերմանացիներ եւ մեկ իսրայելցի, որոնք ունեն ՌԴ անձնագրեր:



Ընդ որում փորձագետը գտնում է, որ օտարերկրացիներին ավելի նպատակահարմար է ծառայության գործուղել ոչ թե երկրի խորքերը, այլ ՌԴ արտերկրում գտնվող ռազմական օբյեկտներ: Դրանք այժմ 36-ն են եւ գտնվում են Տաջիկստանում, Ղրղզստանում, Ղազախստանում, Հայաստանում, Ադրբեջանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում:



Ըստ ռուսական «Տրուդ» թերթի, ՌԴ բանակում ծառայում են 207 հազար օտարերկրացիներ, որոնցից 67 տաջիկ, 61 ուզբեկ, 41 ուկրաինացի, Ղազախստանի, Մոլդովայի, Ղրղզստանի, Հայաստանի, Ադրբեջանի 5-10 քաղաքացիներ, 2 գերմանացի եւ լատիշ, 1 իսրայելցի:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---