10 մարտի 2021 - 11:43 AMT
Պատգամավոր․ Ասենք՝ Գասպարյանին ազատեցին ու մի քանի անիմաստ բան գրեցին, հո հնարավոր չէ՞ այդ մարդու վաստակը ջնջել

Ազգային ժողովի նախկին իմքայլական, այժմ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու որոշմանը, գրել է, որ հնարավոր չէ նրա վաստակը ջնջել։

«Երբ մարդն ամբողջ կյանքն ինքնամոռաց նվիրվում է երկրին ու հայտնվում են մարդիկ, որոնք իրենց օրում երբեք անգամ հարևանին մի բաժակ ջուր չեն տվել, ու սկսում են թերագնահատել, վատաբանել, նվաստացման փորձ անել և այլն։

Է, ասենք Օնիկ Գասպարյանին ազատեցին ու մի քանի հատ էլ անիմաստ բաներ գրեցին, հո հնարավոր չէ այդ մարդու վաստակը ջնջել։ Մե՜կ է, այնքան վաստակ ունի, որ էդ անիմաստ խոսողները արժանի էլ չեն իր անունը հնչեցնելուն։

Ամենահեշտ ձևն է մարդուն էս կամ էն անձի հետ ասոցացնելն ու փորձել վարկաբեկելը, բայց դժվար է էդ մարդուց նվիրումով հայրենիքին ծառայել սովորելը։ Խելքի եկե'ք», - ասվում է պատգամավորի գրառման մեջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 10-ի առավոտյան ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից։ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է ՍԴ՝ հույս հայտնելով, որ որոշման կայացումն իրավական որոշակիություն կբերի և և կնպաստի ներկայիս ճգնաժամի հանգուցալուծմանը:

Ավելի վաղ Գլխավոր շտաբը հանդես էր եկել հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը։ Դրան հաջորդեց Փաշինյանի հայտարարությունը, թե ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել և ուղարկել նախագահ Արմեն Սարգսյանին։ Վերջինս առարկություններով վերադարձրեց ազատման հրամանագրի նախագիծը, իսկ վարչապետն այն կրկին ուղարկեց նախագահին: Արդյունքում Սարգսյանը կրկին չստորագրեց հրամանագիրը, ինչը, նշանակում էր, որ այն ուժի մեջ կմտնի ավտոմատ: