ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար. Կրկին պահանջում եմ Փաշինյանի հրաժարականը

ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար. Կրկին պահանջում եմ Փաշինյանի հրաժարականը

PanARMENIAN.Net - ՀՀ ԶՈւ երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը հայտարարություն է տարածել՝ կրկին պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականը։

«Անիմաստ եմ համարում հայտարարության մեջ շատ ընդլայնվել, սակայն միայն այն փաստը, որ երեք տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնում նշանակվել և ազատվել են թվով չորս բարձրագույն զինվորական կոչում ունեցող պաշտոնատար անձինք, դա հաստատում է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանի ոչ ադեկվատ և անպատասխանատու լինելը»,-ասվում է հայտարարության մեջ, տեղեկացնում է Yerevan.Тoday-ը:

Նշվում է, որ յուրաքանչյուր օր, ժամ, Փաշինյանի կողմից ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնելով՝ «քայքայվում է ՀՀ անվտանգությունը և կասկածի տակ դրվում հայրենիքի ապագան»:

«Ուստի կրկին անգամ վերահաստատելով ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի 2021թ. փետրվարի 25-ի հայտարարությունը, կրկին պահանջում եմ Փաշինյանի անհապաղ հրաժարականը»,- ասվում է հայտարարության մեջ:

Փաշինյանը մարտի 10-ի առավոտյան տեղեկացրել է, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է ՍԴ՝ հույս հայտնելով, որ որոշման կայացումն իրավական որոշակիություն կբերի և և կնպաստի ներկայիս ճգնաժամի հանգուցալուծմանը: Գասպարյանն իր հերթին հայտարարել է, որ իր դիրքորոշումն անփոփոխ է՝ և հայտարարությունը, և պաշտոնից ազատման ամբողջ գործընթացը հակասահմանադրական են, և որ ինքը դիմել է Վարչական դատարան։

Ավելի վաղ Գլխավոր շտաբը հանդես էր եկել հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը։ Դրան հաջորդեց Փաշինյանի հայտարարությունը, թե ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել և ուղարկել նախագահ Արմեն Սարգսյանին։ Վերջինս առարկություններով վերադարձրեց ազատման հրամանագրի նախագիծը, իսկ վարչապետն այն կրկին ուղարկեց նախագահին: Արդյունքում Սարգսյանը կրկին չստորագրեց հրամանագիրը, ինչը, նշանակում էր, որ այն ուժի մեջ կմտնի ավտոմատ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---