Ավանեսյան․ Որոշ զոհվածների մարմիններ ճանաչել չի լինի՝ շատ վնասված են

Ավանեսյան․ Որոշ զոհվածների մարմիններ ճանաչել չի լինի՝ շատ վնասված են

PanARMENIAN.Net - Պատերազմում զոհվածների դեռևս չնույնականացված մարմիններից որոշները հնարավոր չի լինի ճանաչել` չնայած չկան փորձանմուշներ, որոնք մեկ անգամ չեն փորձաքննվել, հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, փոխանցում է Factor Tv-ն։

«Ցավոք սրտի կան մարմիններ, մասունքներ, որոնք շատ վնասված են և դրանցից ԴՆԹ անջատել և փորձաքննություն իրականացնելը բավական բարդ գործընթաց է։ Եվ մենք կապի մեջ ենք միջազգային այլ բարձրակարգ ինստիտուտների, փորձագետների հետ։ Հիմա աշխատում ենք մնացած շատ բարդ փորձաքննությունների վրա, տեսնենք՝ ինչ արդյունք կունենանք։ Կունենանք, իհարկե, մի փոքր թիվ, որը չեն կարողանա անջատել, կան մասունքներ, որոնք այնքան վնասված են, որ նույնիսկ այլ երկրում չի հաջողվի դրանց փորձաքննությունն անցկացնել»,- ասել է նա՝ նշելով,որ առայժմ ասել չի կարող, թե ինչ է լինելու այդ մասունքների հետ։

Ավանեսյանի խոսքով՝ կա մոտ 210 փորձանմուշ (ոչ մարմին), որոնց հետ աշխատանքը բարդ է՝ վնասված լինելու պատճառով։

Նախարարը նշել է, որ Մեծամորում հատուկ սառնարաններում դեռ մարմիններ են պահպանվում, դրանց կոնկրետ թվի մասին նախարարը տվյալներ չունի։ Նա հայտնել է, որ 2200-ից ավելի զինծառայողի մարմին ճանաչվել է, 180 ծնող ԴՆԹ պատասխանի է սպասում, 2400 անձ է հանձնել ԴՆԹ անալիզ։

44-օրյա պատերազմից հետո Հայաստանում զոհերի ու անհետ կորածների վերջնական թիվը դեռ հայտնի չէ։ Ադրբեջանական կողմում կան նաև գերիներ, որոնց հստակ թվի մասին նույնպես տվյալներ չկան, այդ երկիրը գերիներին որպես ահաբեկիչ է ներկայացնում։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---