Մարտի 21-ին Գառնիում կցուցադրվի մարմարե «Ցլի գլուխը»

Մարտի 21-ին Գառնիում կցուցադրվի մարմարե «Ցլի գլուխը»

PanARMENIAN.Net - Մարտի 21-ին Գառնիում կցուցադրվի տաճարը երբեմնի զարդարած մարմարե «Ցլի գլուխը»: Միհր Աստծո մարմարե արձանախմբի մաս հանդիսացող «Ցլի գլուխը» տարիներ առաջ հայտնաբերվել է Գառնու դարավանդի զառիվեր լանջին և «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող բացառիկ արտեֆակտներից է։

Պեղումների ժամանակ տաճարի մոտ գտնվել է սպիտակ մարմարից քանդակված ցլի կճղակ, որը, մասնագետների կարծիքով հենց այդ արձանախմբի մասն էր: Երկու այլ բեկոր` ցլի մարմարե գլուխը և արձանախմբի պատվանդանի մասը, պատահաբար հայտնաբերվել են 2011-ին, դարավանդի զառիվեր լանջին:

«Մարտի 21-ին՝ ժամը 13։00-ին, ՊՈԱԿ-ը հրավիրում է «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան՝ մասնակցելու «Արորդիների Ուխտ» կազմակերպության նախաձեռնած միջոցառմանը։ Կնշվի Ամանորը և Վահագնի ծնունդը, ապա ցուցադրության բացմամբ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը կներկայացնի «Ցլի գլուխը»,-ասվում է ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջում։

Արգելոց-թանգարանի մուտքի տոմսերը կարելի է ձեռք բերել տոմսարկղից։

Հայաստանում քրիստոնեության` պետական կրոն հռչակվելուց (301թ.) հետո, թեև հին ամրոցներն ու պաշտպանական համալիրները հիմնականում մնացին անխաթար, սակայն հեթանոսական պաշտամունքային հուշարձանները հիմնահատակ կործանվեցին։ Միայն առանձին տեղերում որոշ մեհյաններ վերածվեցին քրիստոնեական տաճարների:

Բացառություն է կազմում Գառնիի տաճարը, որը պահպանվեց նույնությամբ, վերածվեց աշխարհիկ կառույցի և, ըստ Մովսես Խորենացու, դարձավ Տրդատ III թագավորի քրոջ` Խոսրովադուխտի «տուն-հովանոցը»: Նոր հավատքի հետևորդները կտոր-կտոր արեցին տաճարի խորանում տեղադրված ցլի դեմ մարտնչող Միհրի արձանախումբը և նետեցին ձորը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---