18 մարտի 2021 - 10:08 AMT
Սուրեն Պապիկյանի դատվածքությունը հանրայնացնելու մեջ մեղադվող գնդապետն արդարացվել է

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի դատվածության փաստը հանրայնացնելու մեջ մեղադրվող՝ Ազգային անվտանգության ծառայության գնդապետ Սերոբ Հարությունյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվել է, գնդապետն արդարացվել է, տեղեկացնում է փաստաբան Երեմ Սարգսյանը։

2020-ի փետրվարին «Հրապարակ» օրաթերթում «Սուրեն Պապիկյանը թաքցրել է իր դատվածության փաստը» վերտառությամբ հոդված էր հրապարակվել, որից հետո Հարությունյանի դեմ քրգործ էր հարուցվել՝ պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով։

«Քրեական գործով շուրջ մեկ տարի ծավալուն քննություն է կատարվել, իրականացվել են բոլոր հնարավոր քննչական և դատավարական գործողություններն ու օպերատիվ-հետախուզական միջոցառումները։ Ի վերջո, հաստատվեց, որ Սերոբ Հարությունյանը ոչ միայն պաշտոնեական դիրքի չարաշահում չի կատարել, այլև՝ ընդհանրապես պետական ծառայության դեմ ուղղված որևէ հանցագործություն չի կատարել»,-գրել է Սարգսյանը։

Փաստաբանը հայտնել է նաև, որ Հարությունյանն այժմ արդարացվածի կարգավիճակ ունի և, ըստ օրենքի, պետք է վերականգնվի իր նախկին պաշտոնում և ստանա նախորդ մեկ տարվա աշխատավարձը։