Նախարար․ ՀՔԾ-ն կլուծարվի

Նախարար․ ՀՔԾ-ն կլուծարվի

PanARMENIAN.Net - Հատուկ քննչական ծառայությունը կլուծարվի, «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքն ուժը կորցրած կճանաչվի։ Այդ մասին արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտնել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ ներկայացնելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» և հարակից օրենքներում փոփոխություն կատարելու մասին օրենսդրական փաթեթը։

Ըստ Բադասյանի` որոշվել է սահմանել առանձին ծառայության տեսակ՝ ծառայություն հակակոռուպցիոն կոմիտեում: «Մինչև Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների թափուր տեղերի համալրումը, հատուկ քննչական ծառայության քննիչները ժամանակավոր կնշանակվեն կոմիտեի քննիչներ։ Նրանք 20-ն են լինելու»,- ասել է նախարարը:

Բադասյանը նշել է նաև, որ նոր խմբագրմամբ, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին մրցութային խորհրդի ներկայացրած երեք թեկնածուի շրջանակից կնշանակի կառավարությունը, այլ ոչ թե վարչապետը՝ ինչպես նշված էր նախնական տարբերակում:

Կառավարությունն ընդունել է նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության բոլոր առաջարկները:

Օրենսդրական փաթեթը դրական եզրակացություն է ստացել։

Հակակոռուպցիոն կոմիտեն ստեղծվում է կոռուպցիոն հանցագործությունների քննությունը մեկ մարմնի կողմից իրականացնելու նպատակով։ Այժմ այդպիսի գործերը քննվում են ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ ազգային անվտանգության կողմից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---