Բադասյան․ Գասպարյանի պաշտոնավարման վերաբերյալ որոշումը հարկադիր կատարում չի ենթադրում

Բադասյան․ Գասպարյանի պաշտոնավարման վերաբերյալ որոշումը հարկադիր կատարում չի ենթադրում

PanARMENIAN.Net - Վարչական դատարանի՝ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնավարմանը վերաբերող որոշումը հարկադիր կատարում չի ենթադրում, հայտարարել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, փոխանցում է Factor.am-ը։

Վարչական դատարանն ընդունել էր միջանկյալ որոշում, ըստ որի գլխավոր շտաբի պետ Գասպարյանը մնում է իր պաշտոնին՝ մինչև դատական վերջնական ակտի ընդունումը։ Դատարանն անվավեր է ճանաչել Գասպարյանի պաշտոնանկությունն առանց համապատասխան վարչական արձանագրության ու ժամանակավորապես բավարարել է հայցը։ Դրան հետևել էր կառավարության պարզաբանումը, որտեղ նշվում է, որ Օնիկ Գասպարյանի ազատումը, թեկուզ առանց նախագահի հաստատման, վավերական է իրավունքի ուժով։ Ըստ կառավարության հաղորդագրության՝ Սահմանադրությունն այսպիսի դեպքերում հակառակ որոշում չի նախատեսում։

«Նախագահը ԳՇ պետին պաշտոնից ազատելու վարչապետի միջնորդության վերաբերյալ առարկություն է ներկայացրել, ինչը կառավարության ղեկավարը չի ընդունել, իսկ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասը հստակ կանոնակարգում է, որ այդ ակտն իրավունքի ուժով ուժի մեջ է մտնում: Սահմանադրական այդ նորմը որևէ շրջադարձի, կասեցման հնարավորություն թույլ չի տալիս: Գործ ունենք այնպիսի գործընթացի ավարտի հետ, ըստ որի՝ ԳՇ պետն ազատված է զբաղեցրած պաշտոնից, իսկ վարչական դատարանի որոշումը որևէ հարկադիր կատարում չի ենթադրում, սահմանադրական նորմերը հնարավոր չէ այնպես մեկնաբանել, որով իրավիճակը կբերի նախկին իրավիճակի»,- պարզաբանել է նախարարը:

Բադասյանի խոսքով` Արմեն Սարգսյանն արդեն հայտարարել է, որ չի ստորագրելու Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու միջնորդությունը, չի դիմելու նաև ՍԴ, հետևապես Սահմանադրության դրույթի իրավունքի ուժով Դավթյանը կնշանակվի պաշտոնին։

Ավելի վաղ Գլխավոր շտաբը հանդես էր եկել հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը։ Դրան հաջորդեց Փաշինյանի հայտարարությունը, թե ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել և ուղարկել նախագահ Արմեն Սարգսյանին։ Վերջինս առարկություններով վերադարձրեց ազատման հրամանագրի նախագիծը, իսկ վարչապետն այն կրկին ուղարկեց նախագահին: Արդյունքում Սարգսյանը կրկին չստորագրեց հրամանագիրը, ինչը, նշանակում էր, որ այն ուժի մեջ է մտել ավտոմատ: Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել ԳՇ պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու վերաբերյալ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---