ՄԻՊ․ Ոչինչ չի կարող արդարացնել աշխատանքն անող լրագրողի հանդեպ բռնությունը, առավել ևս՝ պաշտոնյայի կողմից

ՄԻՊ․ Ոչինչ չի կարող արդարացնել աշխատանքն անող լրագրողի հանդեպ բռնությունը, առավել ևս՝ պաշտոնյայի կողմից

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, անդրադառնալով ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի կողմից լրագրողին հարվածելու միջադեպին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ որևէ պատճառ չի կարող արդարացնել մասնագիտական աշխատանք կատարող լրագրողի նկատմամբ բռնությունը, առավել ևս՝ պաշտոնյայի կողմից։

ՄԻՊ աշխատակազմն ուսումնասիրել է նախարար Արշակյանի ու լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև մարտի 18-ին սրճարանում տեղի ունեցած միջադեպի հրապարակված հանգամանքները:

«Դրանից բացի, տեղի է ունեցել առանձնազրույց լրագրող Փայլակ Ֆահրադյանի հետ, որը պնդել է, որ նախարարն իր հետ խոսել է հայհոյանքներով, տվել սպառնալիքներ, իր նկատմամբ գործադրել է բռնություն և կոտրել համակարգիչն ու վնասել հեռախոսը: Նա Պաշտպանի աշխատակազմին տեղեկացրել է, որ իր նկատմամբ բռնության գործադրումից առաջ ինքը մոտեցել է նախարարին և հարցեր տվել այն մասին, թե ինչ է նախարարն անում աշխատանքային ժամին սրճարանում:

Պաշտպանի աշխատակազմն առանձնազրույց է ունեցել նաև լրագրող Տաթև Այվազյանի հետ, որը նշել է, որ նույն սրճարանում է գտնվել Ֆահրադյանի հետ միասին և լսել է նախարարի սպառնալիքներն իր գործընկերոջ հասցեին, ինչպես նաև բռնության միջադեպից հետո նախարարը հայհոյել է նաև իրեն»,-նշվում է գրառման մեջ:

Ըստ Ֆահրադյանի և Այվազյանի՝ նախարարն իմացել է, որ իրենք լրագրողներ են: Պաշտպանի աշխատակազմն ուսումնասիրել է նաև միջադեպի վերաբերյալ տարածված տեսանյութերն ու լրագրողի վարքագծի վերաբերյալ ավելի ուշ արված հրապարակումները:

Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ է նշում, որ լրագրողների մասնագիտական գործունեությունը պաշտպանված է օրենքով:

«Ցանկացած պարագայում նախարարն իրավունք չուներ բռնություն գործադրել քաղաքացու նկատմամբ: Նախարարի վարքագիծն առավել ևս դատապարտելի է այն պայմաններում, երբ ինքը տեղյակ էր, որ իրեն հարցեր է տալիս լրագրող և որ ինքը բռնություն է գործադրում լրագրողի նկատմամբ»,-ասվում է գրառման մեջ։

Որպես կարևոր հանգամանք ՄԻՊ-ը նշել է, որ լրագրողը մոտեցել է հանրային ճանաչում ունեցող բարձրաստիճան պաշտոնյայի՝ նախարարի, դա տեղի է ունեցել հանրային, այլ ոչ թե մասնավոր վայրում և այդ նույն վայրում էլ տեղի է ունեցել բռնության միջադեպը:

«Պաշտոնյաները, առավել ևս բարձրաստիճան պաշտոնատար անձինք, պարտավոր են ցուցաբերել հանդուրժողականություն բոլոր այն դեպքերում, երբ լրագրողները տալիս են իրենց դուր չեկող հարցեր կամ իրենց նկատմամբ ցուցաբերում են քննադատական վերաբերմունք: Ավելին, նրանք պետք է իրենց հանրային վարքագծով օրինակ լինեն, հատկապես եթե դա վերաբերում է բռնության բացառմանը:

Հանրային պաշտոն զբաղեցնող ցանկացած անձ ունի լիազորությունների սպառիչ շրջանակ և սահմանափակված է իր իրավական կարգավիճակի սահմաններով: Ցանկացած հարց, ինչ էլ որ լինի, պետք է լուծվի բացառապես պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակում՝ համապատասխան իրավասությունն ունեցող մարմինների կողմից»,-գրել է Թաթոյանը։

Նշվում է, որ միջադեպի հետ կապված՝ ՄԻՊ աշխատակազմից համապատասխան գրություն կուղարկի Գլխավոր դատախազություն: ՄԻՊ աշխատակազմն արձանագրել է, որ ՀՀ դատախազությունը միջադեպի վերաբերյալ հրապարակումներն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, անդրադառնալով լրագրողի ետ միջադեպին, հայտարարել է, որ դեմ է բռնությանը և պատրաստ է պատասխանատվություն կրել։

Ավելի վաղ լրագրող Փայլակ Ֆահրադյանը հայտարարել է, որ Հակոբ Արշակյանը հարձակվել է իր վրա Երևանի սրճարաններից մեկում։ Լրագրողը Ոստիկանությանը հորդորել է իր ուղիղ միացումն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին։Լրագրողն այս մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով՝ նշելով, որ մոտեցել է նախարարին` հարցնելու՝ թե ինչու է աշխատանքային ժամին սրճարանում։ Ֆահրադյանը նշել է, որ իր ձեռքն է վնասվել, նախարարը հարվածել և կոտրել է իր համակարգիը, վնասվել է նաև նրա հեռախոսը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---