26 մարտի 2021 - 11:16 AMT
Լոռիում կինն իր նորածիններին վաճառել է $2000 և $4500-ով

ՔԿ-ի Լոռու քննչական վարչությունում քննվող քրգործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել մոր և դստեր կողմից երկու անգամ՝ 2018 թ․ և 2019 թ․, նախնական համաձայնությամբ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երկու նորածին երեխաների վաճառքի և առքի վերաբերյալ, հայտում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Լոռու բնակչուհին իր 2018թ. ծնված երեխային վաճառելու շուրջ մոր հետ ձեռք է բերել նախնական համաձայնություն Երևանի բնակիչների խնամքին հանձնելու նպատակով։ 2018թ. հունիսին նրանք երեխային հանձնել են ամուսիններից մեկի հորը՝ ձեռք բերելով նախնական պայմանավորվածություն՝ երեխային 964,480 դրամին համարժեք 2000 դոլար գումարով վաճառելու վերաբերյալ:

2018թ. հուլիսին Ալավերդի քաղաքի ՔԿԱԳ-ում երեխայի հայրությունը ճանաչելուց հետո երեխային վաճառողները որպես կանխավճար ստացել են 241,120 դրամին համարժեք 500 դոլար, իսկ սեպտեմբերին ստանալով 578,688 դրամին համարժեք 1200 դոլլար գումար, երեխայի մայրը նոտարական վավերացմամբ հայտարարություն է ստորագրել երեխայի խնամքից և դաստիարակությունից հրաժարվելու մասին:

Նույն անձն իր ծննդաբերած մեկ այլ՝ 2019թ. ծնված երեխային վաճառելու շուրջ ևս նախնական համաձայնություն է ձեռք բերել մոր հետ և, ծննդատնից դուրս գրելիս նրանք երեխային հանձնել են Ալավերդու բնակիչների խնամքին՝ նախնական պայմանավորվածություն ձեռք բերելով երեխային 2,158,650 դրամին համարժեք 4500 դոլարով վաճառելու վերաբերյալ: 2019թ. դեկտեմբերին Ալավերդիում խնամքը ստանձնողի կողմից Թումանյանի ՔԿԱԳ-ում երեխայի հայրությունը ճանաչելուց հետո երեխային վաճառողները որպես կանխավճար ստացել են 95,240 դրամին համարժեք 200 դոլար, իսկ գումարի մնացած մասը ստանալու նպատակով խնամքն ստանձնողներից պահանջել են գրել պարտավորագիր:

2020թ. փետրվարին երեխայի մայրը խնամքն ստանձնողի անվամբ տվել է երեխային ՌԴ տեղափոխելու համար նոտարական կարգով վավերացված համաձայնագիր, որից հետո երեխային տեղափոխել են ՌԴ:

Երեխաների առքն ու վաճառքն իրականացրած, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդած 5 անձ քրգործով ներգրավվել է որպես մեղադրյալ՝ համապատասխանաբար ՔՕ 168-րդ հոդվածի 1-ին մասով (Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ վաճառքը, պատժվում է 4-8 տարի ազատազրկմամբ), 38-168-րդ հոդվածի 1-ին մասով, 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (երկու կամ ավելի երեխաների նկատմամբ), 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 169.1-րդ (Որդեգրման գաղտնիքը հրապարակելը կամ որդեգրման համաձայնություն տալուն հակելը կամ հարկադրելը ) հոդվածներով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում նաև նշված հանցավոր արարքներում ներգրավված այլ անձնաց գործողություններին քրեաիրավական գնահատականներ տալու նպատակով: