ՄԻՊ-ը՝ հաշմանդամության սահմանման թերացումների մասին․ Ամիսներով փորձաքննություններ չեն արվել

ՄԻՊ-ը՝ հաշմանդամության սահմանման թերացումների մասին․ Ամիսներով փորձաքննություններ չեն արվել

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանի 2020-ի տարեկան հաղորդման համաձայն՝ հաշմանդամության կարգավիճակի սահմանման թերությունները և ոչ պատշաճ հաղորդակցումը խախտում են մարդու իրավունքները: Այս մասին են վկայում բողոքները, մշտադիտարկումը։

Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդմամբ ներկայացվել են համակարգային խնդիրներ, որոնք ոչ միայն չեն լուծվել 2020 թվականի ընթացքում, այլև ավելի են խորացել հատկապես կորոնավիրուսի համավարակի պայմաններում և ռազմական դրության ընթացքում:

Արձանագրվել են հետևյալ հիմնական խնդիրները՝

1. բժշկասոցիալական փորձաքննությունների ընթացքում լիարժեք հաշվի չեն առնվում փորձաքննվողների կենսագործունեության իրական հնարավորությունները և կյանքի որակի փաստացի փոփոխությունները,

2. բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների որոշումների բողոքարկման գործող կարգն արդյունավետ չէ և որոշումները սովորաբար մնում են անփոփոխ: Խնդիրն էլ ավելի է խորանում բողոքը քննող իրավասու մարմնի նկատմամբ հանրային անվստահության պատճառով,

3. փորձաքննվողի ընտրած բժիշկ-ներկայացուցչի մասնակցության հնարավորությունը թեև նախատեսված է օրենսդրությամբ, սակայն դրա արդյունավետությունը գործնականում խնդրահարույց է,

4. ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով մարդիկ նոր հետազոտություններ չեն անում՝ չնայած առողջական վիճակի վատթարացմանը,

5. շարունակվում է չլուծված մնալ զինվորական անժամկետ հաշմանդամություն ունեցող անձանց հսկողական կարգով վերափորձաքննության ենթարկելու և մի խումբ անձանց նկատմամբ պետության պոզիտիվ պարտավորությունների թերի կատարման հարցը: Մասնավորապես, նշանակված փորձաքննություններն ամիսներ շարունակ չեն իրականացվել և մարդիկ զրկվել են հաշմանդամության թոշակից և արտոնություններից՝ հայտնվելով էլի ավելի դժվարին իրավիճակում:

Այս խնդիրների կապակցությամբ ՄԻՊ-ը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ գործող չափորոշիչները չեն համապատասխանում հաշմանդամության սոցիալական մոդելին: Արդյունքում, հաշմանդամության փաստացի կարգավիճակը ոչ միշտ է համապատասխանում անձի իրական կարիքներին և կարողություններին:

Պաշտպանն առաջարկում է՝

1. վերանայել բժշկասոցիալական փորձաքննական որոշումների բողոքարկման գործող ընթացակարգերն այնպես, որ երաշխավորվի անկախ և օբյեկտիվ բողոքների քննարկումը.

2. փորձաքննվող անձի ընտրած բուժող բժշկի համար սահմանել անկախ փորձագետի կարգավիճակ՝ հստակեցնելով վերջինիս գործառույթներն ու լիազորությունները

3. հաշմանդամություն ունեցող անձանց և հանրային պաշտոն զբաղեցնողների համար իրականացնել հանրային իրազեկման աշխատանքներ՝ իրավունքների մասին գիտելիքների բարձրացման նպատակով

4. իրականացնել նշանակված փորձաքննությունները և ապահովել զինվորական անժամկետ հաշմանդամություն ունեցող անձանց հաշմանդամության թոշակի վճարումը մինչև հակառակ հիմքերի հաստատումը։

Մարդու իրավունքների պաշտպանի 2020-ի տարեկան հաղորդման մեջ տեղ են գտել յուրաքանչյուր խնդրին առնչվող մանրամասն վերլուծություն համապատասխան առաջարկներով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---