ԱՄՆ դեսպան․ Հուսով եմ՝ ազատ ու արդար ընտրությունների բարձր նշաձողը կպահպանվի

ԱՄՆ դեսպան․ Հուսով եմ՝ ազատ ու արդար ընտրությունների բարձր նշաձողը կպահպանվի

PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ հանդիպմանը, անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին, հույս է հայտնել, որ 2018թ․ ժողովրդավար, ազատ ու արդար ընտրությունների բարձր նշաձողը կպահպանվի։

Բադասյանն ընդգծել է, որ կառավարությունն ունի քաղաքական կամք՝ բոլոր ընտրություններն ազատ ու թափանցիկ անցկացնելու՝ այդպիսով ամրապնդելով այն փաստը, որ Հայաստանը տարածաշրջանում ամենաուժեղ ժողովրդավարությունն ունեցող երկիրն է։

Նախարար Բադասյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Կառավարությանը, անձամբ դեսպանին՝ Հայաստանի հակակոռուպցիոն և ոստիկանության բարեփոխումներին աջակցելու համար և այդ համատեքստում կարևորել նաև ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի առաքելության և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանի հետ արդյունավետ համագործակցությունը։

Նախարարը դեսպանի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի վերաբերյալ՝ ԱՄՆ պետական դեպարտամենտի հրապարակած «Մարդու իրավունքներ 2020» զեկույցին, ներկայացրել քրեակատարողական, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտներում ու դատական համակարգում ընթացող բարեփոխումները և ընդգծել, որ կառավարությունը հաստատուն քայլերով շարունակելու է բարեփոխումների օրակարգը։

Դեսպան Թրեյսին վերահաստատել է ԱՄՆ կառավարության աջակցությունը՝ ուղղված մի շարք ոլորտներում բարեփոխումների իրականացմանը։

ԱՄՆ ՄԶԳ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանը հայտնել է հակակոռուպցիոն ու արդարադատության ոլորտներում նոր հնգամյա ծրագրերի մեկնարկի մասին։

Բադասյանն ընդգծել է ԱՄՆ գործընկերների կողմից առավել գործուն քայլերի անհրաժեշտության մասին՝ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին և քաղաքացիական այլ պահվող անձանց վերադարձնելուց հրաժարվելու քաղաքականությանը հստակ արձագանքելու առումով։ Նախարարը նաև շեշտել է, որ այդ անձինք միջազգային մարդասիրական իրավունքի իմաստով ռազմագերիներ են, ուստի այս հարցում Ադրբեջանական կողմի հայտարարություններն հիմնազուրկ են։

Զրույցի ընթացքում քննարկվել է նաև Հակակոռուպցիոն կոմիտեի, Հակակոռուպցիոն դատարանների, ինչպես նաև Ներքին գործերի նախարարության ստեղծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, դրանց գործարկման ժամկետները, ինչպես նաև վերաբերող մի շարք հարցեր։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---