Վարձկան-ահաբեկիչների դեմ հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է

Վարձկան-ահաբեկիչների դեմ հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է

PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում ավարտվել է Սիրիայի քաղաքացիներ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիի և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիի կողմից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմին որպես վարձկան-ահաբեկիչներ մասնակցելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քրգործով ձեռք բերված և գնահատված ապացույցների համակցությամբ՝ հիմնավորվել է, որ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերին և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջին, չհանդիսանալով Ադրբեջանի քաղաքացի, մշտապես չբնակվելով դրա տարածքում, ընդգրկված չլինելով Ադրբեջանի ԶՈւ անձնակազմում, այլ հանդիսանալով Սիրիայի քաղաքացիներ, Սիրիայի կամ այլ պետության կողմից ուղարկված չլինելով Ադրբեջանի ԶՈւ կազմում պաշտոնեական պարտականություններ կատարելու համար, նյութական հատուցում ստանալու դիմաց, կազմակերպված խմբի կազմում մասնակցել են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից 2020-ի սեպտեմբերի 27-ից սանձազերծված ագրեսիվ պատերազմին։

Պատերազմի ընթացքում նրանց գործողություններն ուղղված են եղել Հայաստանի և Արցախի տարածքում քաղաքացիական անձանց և զինված ընդհարման ժամանակ ռազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցող անձանց ոչնչացնելուն կամ ծանր մարմնական վնասվածք պատճառելուն, իսկ այդ գործողությունների նպատակն իրենց բնույթով և էությամբ ուղղված են եղել խաղաղ բնակչությանն ահաբեկելուն՝ ապակայունացնելով Արցախի և ՀՀ ներքին վիճակը։

Վերը նկարագրված հանցավոր արարքները կատարելու համար Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիին և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 217-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 389-րդ հոդվածով (միջազգային ահաբեկչություն, պատժվում է 12-20 տարի կամ ցմահ ազատազրկմամբ),, 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-390-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ, պատժվում է 12-20 տարի կամ ցմահ ազատազրկմամբ) և 395-րդ հոդվածի 3-րդ մասով (վարձկանություն, պատժվում է 3-7 տարի ազատազրկմամբ)։ ։

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է և գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և քրգործը դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---