Ավետիքյան. Ժամանակն է՝ վայր դնեմ «1000 դրամի» հիմնադրամի տնօրենի լիազորություններս

Ավետիքյան. Ժամանակն է՝ վայր դնեմ «1000 դրամի» հիմնադրամի տնօրենի լիազորություններս

PanARMENIAN.Net - Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը վայր է դրել լիազորությունները:

Նա ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ այս որոշումը պայմանավորված է նրանով, որ Հիմնադրամի առջև ծառացել են բոլորովին նոր մարտահրավերներ, և այն պետք է ղեկավարի ոչ թե հասարակական հիմունքներով աշխատող տնօրեն, այլ լրիվ դրույքով աշխատող:

Նա նշել է, որ Հիմնադրամը ձևավորվել է 2017-ին` Կենտրոնական բանկի կողմից ու հովանու ներքո: Մինչև վերջերս հիմնականում ԿԲ կամավորական աշխատակազմն էր անձնվեր կերպով ծառայում Հիմնադրամին, իսկ կառույցը հոգ էր տանում, որպեսզի գործառույթներն իրականացվեն պատշաճ։

«Վերջին պատերազմն ու դրա արդյունքները ցավալիորեն փոխեցին շատ բան:

Ժամանակն է, որ Հիմնադրամն անցնի տրանսֆորմացիայի փուլ: Այժմ դրա ճանապարհին ենք: Մասնավորապես, վերջին ամիսներին ԿԲ ֆինանսավորմամբ մենք ձևավորել ենք նվիրված ու պրոֆեսիոնալ աշխատակազմ․․․ Անցնող ամիսներին ևս Կենտրոնական բանկի ֆինանսական աջակցությամբ ներդրումներ ենք արել և շարունակում ենք կատարել Հիմնադրամի ենթակառուցվածքների, ինչպես նաև ծրագրային ու ՏՏ համակարգերի մեջ` վստահ լինելու համար, որ որևէ պայմանում դրանք պատշաճորեն ու անխափան կսպասարկեն մեր շահառուներին»,-ասվում է գրառման մեջ:

Նշվում է, որ վերջին պատերազմից հետո Հիմնադրամն այս պահին հատուցումներ է կատարում.

- 1939 զոհված զինծառայողի ընտանիքների

- 265 ծանր վիրավորում ստացած զինծառայողի

- 1055 անհետ կորած զինծառայողի ընտանիքների

«Վերջին պատերազմից ի վեր հիմնադրամը կարողացել է 8 միլիարդ դրամից ավելի նվիրաբերություններ հավաքագրել ավելի քան 40 երկրի մեր հայրենակիցներից ու կազմակերպություններից»,-ասվում է գրառման մեջ:

Առաջիկա օրերին կհրապարակվի Հիմնադրամի նոր գործադիր տնօրենի պաշտոնի մրցույթի վերաբերյալ հայտարարություն, իսկ մինչև նոր տնօրենի ընտրությունն Ավետիքյանը կշարունակի կատարել պարտականությունները։

Հիմնադրամը («1000 դրամների» հիմնադրամը) սկսել է գործել 2017-ի հունվարից։ Այն նախատեսված է ՀՀ պաշտպանությանը և մարտական գործողություններին մասնակցելիս զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների, ինչպես նաև կամավորների ընտանիքներին միանվագ և ամսական գումարներ վճարելու համար: Հիմնադրամի միջոցները գոյանում են գրանցված աշխատողների աշխատավարձերից գանձվող 1000 դրամների և նվիրատվությունների հաշվին։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---