Վարչապետը Մովսես Հակոբյանին մեղադրել է 7-րդ պաշտպանական շրջանը հանձնելու փորձի մեջ

Վարչապետը Մովսես Հակոբյանին մեղադրել է 7-րդ պաշտպանական շրջանը հանձնելու փորձի մեջ

PanARMENIAN.Net - 44-օրյա պատերազմի հետ կապված բազմաթիվ դրվագներ պետք է քննվեն, այդ թվում նաև վարչապետի ու մյուսների գործողությունները, իսկ Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը փորձել է հանձնել 7-րդ՝ Մարտունու պաշտպանական շրջանը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա պատասխանել է Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին. պատգամավորը խնդրել էր մեկնաբանել պատերազմի վարման հետ կապված քննադատությունները։

Պատերազմից հետո Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանն իշխանությանը մեղադրել էր պարտության մեջ՝ նշելով, որ Փաշինյանը պատերազմի 3-րդ օրը կանգնեցրել է բանակի լրահամալրման գործընթացը։ Հակոբյանը նաև անդրադարձել էր վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի` հրամանատարական շտաբում գտնվելուն։ Նա ասել էր, թե Մատաղիսի մարտերից մեկը քննարկելու ընթացքում խնդրել է վարչապետի կնոջը դուրս գալ սրահից, քանի որ կարող են նաև հայհոյանքներ լսվել։ Ըստ Հակոբյանի՝ դրանից մի քանի ժամ անց իրեն Երևան են կանչել և այլևս Արցախ գնալու հնարավորություն չեն տվել։

«Այդ հայտարարության հեղինակը մի մեծ պրոբլեմ ունի, պրոբլեմն այն է, որ նա, բարձրաստիճան զինվորական լինելով, փորձում էր հանձնել 7-րդ պաշտպանական շրջանը, ես այս դահլիճում ներկա մի շարք մարդկանց ներկայությամբ կայացրել եմ որոշում, որի արդյունքում այդ պաշտպանական շրջանը մինչ օրս հայկական ԶՈւ տրամադրության տակ է։ Ընդ որում, պատերազմի ընթացքում դա միակ ռազմականին մոտ որոշումն է եղել, որը ես կայացրել եմ։ Այդ մարդը կիսահիստերիկ վիճակում օրը մեջ հարցազրույց է տալիս և գեներալ գնդապետի ուսադիրներով իր հիմնական օպոնենտ է համարում կնոջը՝ գիտեք՝ ում կնոջը։ Այդ մարդն ընդհանրապես, կարծում եմ, բազմաթիվ խնդիրներ և բարդույթներ ունի, դեռ շատ հարցերի պիտի պատասխանի»,- ասել է նա։

Փաշինյանը հեգնել է, թե այդ մարդուն կարելի է անվանել «7-րդ պաշտպանակն շրջանի արծիվ, թե ոնց էր 1000-ի տակ փախչում ու բոլորին ուզում փախցներ էնտեղից»։

Վարչապետը նշել է, թե չի կարող լինել մի իրավիճակ, երբ ուղիղ եթերում մարտակոչից հետո, «հեռախոսով թաքուն զանգեն, ասեն՝ դադարեցրեք»։

Փաշինյանն ԱԺ-ում անդրադարձել է ԼՂ հարցով բանակցային գործընթացին, պատերազմի ընթացքում ու դրանից հետո կատարված իրադարձություններին։

Ընթերցեք նաև․ Փաշինյանը՝ բանակցային գործընթացի, իրեն թուրք գործակալ կոչելու և ՀՀ նախկին ղեկավարների խոսքերի մասին

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---