ԱԽ քարտուղար․ Ամեն ինչ կարվի դիվանագիտական ճանապարհով ԼՂԻՄ օկուպացված տարածքները վերադարձնելու համար

ԱԽ քարտուղար․ Ամեն ինչ կարվի դիվանագիտական ճանապարհով ԼՂԻՄ օկուպացված տարածքները վերադարձնելու համար

PanARMENIAN.Net - Հայկական կողմն ամեն ինչ կանի նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) օկուպացված տարածները դիվանագիտական ճանապարհով վերադարձնելու համար։ Այդ մասին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։

«Ինչ վերաբերում է տարածքներին, կարծում եմ՝ դուք գիտեք, որ ԼՂԻՄ տարածքը, որոշակի սահմաններով, ճանաչված է միջազգային հանրության կողմից, և մենք ամեն ինչ կանենք, որպեսզի դիվանագիտական ճանապարհով վերադարձնենք ԼՂԻՄ օկուպացված տարածքները», - ասել է Գրիգորյանը:

Նա հավելել է, որ ԼՂ հակամարտությունը վերջնական կարգավորված չէ և դա չի կարելի անել ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմամբ։

«2020թ․ աշնանը գնալով ագրեսիայի, Ադրբեջանը խախտեց կարգավորման 3 հիմնարար սկզբունքից մեկը՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը»,-ասել է նա՝ հավելելով, որ այդ հարցում հայկական կողմի հետ համակարծիք է նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի վերջին հայտարարության մեջ նշվում է, որ ԼՂ կարգավորումը պետք է ընթանա «կողմերին լավ ծանոթ սկզբունքների և տարրերի հիման վրա»։

2020թ․ նոյեմբերի լույս 10-ի գիշերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եռակողմ հայտարարություն են ստորագրել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների կասեցման մասին։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին և Հադրութը։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---