Փաշինյան․ Մեր պատկերացրած երկխոսությունը չի կարող լինել ուժի դիրքերից

Փաշինյան․ Մեր պատկերացրած երկխոսությունը չի կարող լինել ուժի դիրքերից

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 106-րդ տարելիցի կապակցությամբ հղած ուղերձում անդրադառնալով Թուրքիայի ժխտողականությանն ու ծավալապաշտական արտաքին քաղաքականությունը, հայտարարել է, որ երկխոսությունը չի կարող լինել ուժի դիրքերից՝ այլ կարող է տեղի ունենալ միայն իրավահավասարության սկզբունքով։

«106 տարի առաջ Օսմանյան կայսրության երիտթուրքական կառավարության ձեռքերով և մտահղացմամբ իրականացվեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը... Մեզ հետ միասին հայրենիքից զրկվեցին նաև պոնտոսցի հույները, ասորիներն ու եզդիները։ Հայերիս համար եղբայրական այդ ժողովուրդները ևս ենթարկվեցին բնաջնջման՝ զրկվելով իրենց հարազատ վայրերում ապրելու իրավունքից։

Ովքե՞ր էին այդ սարսափելի հանցագործությունների մեղավորները, ովքե՞ր էին դրա պատասխանատուները։ Պատասխանը միանշանակ է․ Օսմանյան կայսրության երիտթուրքական կառավարությունը՝ թուրքիզմի և պանթյուրքիզմի գաղափարախոսությամբ, որի առանցքային նպատակներից էր մոնոէթնիկ և ծավալապաշտական Թուրքիայի ստեղծումը, ինչն իր հերթին ծնել էր հայատյացության և ազգային ու կրոնական փոքրամասնություններից ազատվելու գաղափարը»,-ասվում է ուղերձում։

Նա նշել է, որ հայ ժողովուրդը զրկված էր իր դատը հետապնդելու հնարավորությունից՝ Ցեղասպանությանը հաջորդած առաջին տասնամյակներին Սփյուռքի ձայնը դեռ բավականաչափ լսելի չէր. «նա դեռ նոր էր ամոքում իր վերքերը և ոտքի կանգնեցնում ազգային կառույցները։ Իսկ Խորհրդային Հայաստանը մինչև Հայրենական մեծ պատերազմի ավարտը առհասարակ զրկված էր հարցին հետամուտ լինելու հնարավորությունից»։

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, Արցախում հայ ժողովրդի բնաջնջմանն ուղղված ադրբեջանա-թուրքական ագրեսիան, Թուրքիայի ծավալապաշտական արտաքին քաղաքականությունը, Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումները ցեղասպան գաղափարախոսության վերածննդի վկայությունն են։ Հայատյացությունը պանթյուրքիզմի էության մեջ է, իսկ դրա ամենազազրելի դրսևորումներն այսօր տեսնում ենք Ադրբեջանում՝ այդ երկրի իշխանությունների կատարմամբ։

Ո՞րը պետք է լինի մեր պատասխանն այդ նեոպանթյուրքիստական սպառնալիքին։ Միայն ու միայն ամուր, ժամանակակից և հզոր դաշնակիցներ ունեցող Հայաստանը, որը կառուցված կլինի ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքների վրա։ Միաժամանակ, անհերքելի է, որ միայն հանցագործության դատապարտումն է կասեցնում ապագայի նոր ոճրագործությունները, և մենք բարձր ենք գնահատում և կարևորում աշխարհի տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:

Ասվածը, սակայն, որևէ կերպ չի կարելի մեկնաբանել որպես տարածաշրջանային երկխոսության ժխտում։ Մենք պատրաստ ենք դրան: Սակայն մեր պատկերացրած երկխոսությունը չի կարող լինել ուժի դիրքերից։ Այն կարող է տեղի ունենալ միայն իրավահավասարության սկզբունքով: Մենք երբևէ հարցականի տակ չենք դնի Հայոց ցեղասպանության եղելությունը, և թող որևէ մեկը չկարծի, որ որևէ հայ, Հայաստանի կամ Սփյուռքի որևէ քաղաքական հոսանք երբևէ կդավաճանի մեր անմեղ զոհերի հիշատակը և կդառնա Հայոց ցեղասպանության մեղսակից։ Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն է, որ պետք է կանգնեցնի նոր ոճրագործությունները»,-ասվում է վարչապետի ուղերձում:

Ապրիլի 24-ին ամբողջ աշխարհի հայերը ոգեկոչում են Հայոց ցեղասպանության 1․5 մլն նահատակների հիշատակը։ ՀՀ բարձրաստիճան ղեկավարները Ծիծեռնակաբերդում ծաղիկներ են խոնարհում՝ ի հիշատակ զոհերի։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---