Ձայնագրության արտահոսք․ Իրանի ԱԳ նախարարը մեղադրանքներ է հնչեցրել ՌԴ հասցեին

Ձայնագրության արտահոսք․ Իրանի ԱԳ նախարարը մեղադրանքներ է հնչեցրել ՌԴ հասցեին

PanARMENIAN.Net - Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ոչ հրապարակային զրույցում սենսացիոն հայտարարություն է արել այն մասին, թե Մոսկվան փորձել է տապալել Թեհրանի «միջուկային գործարքը» դեռ ստորագրման փուլում՝ ձայնագրության արտահոսք է եղել։ Հրապարակման համար չնախատեսված զրույցում Զարիֆի խոսքերը զարմանք են առաջացրել ՌԴ փորձագիտական շրջանակում, գրում է «Կոմերսանտը»։

Լրագրող Սաիդ Լայլազի հետ Իրանի ԱԳ նախարարի 7 ժամանոց զրույցից արտահոսքը հայտնվել է ապրիլի 25-ին Լոնդոնում տեղակայված Iran International հեռուստաալիքի կայքում։ Ձայնգրությունն արվել է մարտին՝ պաշտոնավարման երկրորդ ժամկետն ավարտող նախագահ Հասան Ռոուհանիի գործունեության արդյունքների փաստաթղթավորման շրջանակում։

Ձայնագրության հրապարակված հատվածների հիմնական իմաստն այն է, որ Իրանի ԱԳՆ-ն «զրոյական դեր» ունի երկրի արտաքին քաղաքականության որոշման հարցում։ Հիմնական որոշումները կայացրել են երկրի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Համենեին և Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսը (ԻՀՊԿ)։ Ըստ Զարիֆի, 2020-ի հունվարին Բաղդադում սպանված ԻՀՊԿ հատուկ նշանակության «Էլ Կուդս» ուժերի հրամանատար Ղասեմ Սուլեյմանին մշտապես միջամտել է դիվանագիտական հարցերին, ընդ որում, կառույցի միջամտությունը շարունակվել է նաև նրա մահից հետո։

Որպես այդպիսի միջամտության օրինակ Զարիֆը բերում է Սուլեյմանիի այցը Մոսկվա 2015-ի հուլիսին՝ Վիեննայում այսպես կոչված «միջուկային գործարքի» կնքումից 10 օր անց։

«Այցը եղել է Մոսկվայի նախաձեռնությամբ առանց Իրանի ԱԳՆ որևէ վերահսկողության։ Նպատակն էր գործարքի տապալումը»,-ասել է Զարիֆը։

«Ասում են, որ Սուլեյմանին է ներքաշել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Սիրիայի պատերազմ։ Բայց որոշում կայացնողը Պուտինն էր։ Պուտինը սկսեց պատերազմն ու ներքաշեց Իրանի օդային և ցամաքային ուժերը։ Մինչ այդ պահը մեր զորքերն այնտեղ չկային։ Այնտեղ կային սիրիացիներ, արաբներ, աֆղաններ և կամավորներ»,-ասել է նա և դժգոհություն հայտնել, որ Սիրիայում ռազմական գործողությունների ժամանակ Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի հետ պայմանավորվածությամբ Մոսկվան օգտագործել է Իրանի օդային տարածքն ու ռազմակայանը։ Սակայն, հրապարակումից պարզ չէ, թե ինչպես է դա կապված «միջուկային գործարքը» տապալելու ՌԴ ցանկության հետ։

Իրանի ԱԳՆ-ն չի ժխտել Զարիֆի զրույցի ձայնագրության առկայությունը, սակայն, պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Հաթիբզադեն ասել է, որ պետք չէ նրա խոսքերը համատեքստից դուրս դիտարկել։

Արտահոսքը մեծ սկանդալ է առաջացրել Իրանում։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---