ԱԳՆ ղեկավար․ Շուշիի Մայր տաճարը պետք է մնա Հայ առաքելական եկեղեցու պաշտամունքի վայր

ԱԳՆ ղեկավար․ Շուշիի Մայր տաճարը պետք է մնա Հայ առաքելական եկեղեցու պաշտամունքի վայր

PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը, ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Շուշիի սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարի գմբեթի հեռացմանը, հայտարարել է, որ այն պետք է մնա Հայ առաքելական եկեղեցու պաշտամունքի վայր։

«Պետք է հստակ նշեմ, որ Շուշիի Մայր տաճարը, որը հանդիսանում է հայկական ամենախոշոր եկեղեցիներից մեկը, պետք է մնա Հայ առաքելական եկեղեցու պաշտամունքի վայր»,- ասել է նա, տեղեկացնում է «Հայկական ժամանակը»։

Ըստ Այվազյանի՝ պատմամշակութային ժառանգության պաշտպանությունը նախ և առաջ մարդու իրավունքների մասին է։ Եվ պատահական չէ, որ դեռևս փետրվարի 2-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների հատուկ զեկուցողներն այդ հարցին անդրադարձել են իրենց կոչով՝ ուղղված Ադրբեջանին։

«Իրենց նամակում նրանք հատուկ ընդգծել են, որ 2020-ի հոկտեմբերի 8-ին Սուրբ Ղազանչեցոց Մայր տաճարի թիրախավորված ռմբակոծության հետաքննության անհրաժեշտությունը, միևնույն ժամանակ, նրանք կարևորել են Մայր տաճարի վերականգնման գործում Հայ առաքելական եկեղեցու դերակատարումը»,- նշել է արտգործնախարարի ԺՊ-ն՝ հավելելով, որ Ադրբեջանն այսօր անպատասխան է թողել ՄԱԿ-ի փորձագետների կոչը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները հանել են Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու գմբեթները։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտարարել էր, որ «նորոգման աշխատանքների» քողի տակ ադրբեջանցիներն աղավաղում են հայկական հոգևոր մշակութային կարևորագույն արժեքներից մեկը՝ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, անդրադառնալով վերանորոգման պատճառաբանությամբ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ տաճարի գմբեթների իջեցմանը, դատապարտել է Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող մշակութային եղեռնագործությունը, ինչը հայատյացության, անհանդուրժողականության և թշնամանքի դրսևորում է։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---