Քոչարյան․ Վտանգները, որոնք այսօր կան երկրի առջև, ստիպում են հետ գալ և պայքարել

Քոչարյան․ Վտանգները, որոնք այսօր կան երկրի առջև, ստիպում են հետ գալ և պայքարել

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որի գլխավորած դաշինքը կկոչվի «Հայաստան», մայիսի 9-ի հանրահավաքում հայտարարել է, որ իր մտքով նույնիսկ չէր անցնում, թե կարող է վերադառնալ և հայտ ներկայացնել իշխանության համար։

«Ես կարծում էի, թե պետական պաշտոնյա լինելն ինձ համար ավարտված էր, որ կատարել եմ պարտքս հայրենիքի առջև և կարող եմ ազատ և հանգիստ ապրել իմ անձնական կյանքով։ Բայց այն, ինչ եղավ, այն վտանգները, որոնք այսօր կան մեր երկրի առջև, ստիպում են հետ գալ և պայքարել, հակառակը կլինի դասալիքություն»,-ասել է նա, տեղեկացնում է «Առավոտը»։

Քոչարյանն ընդգծել է, որ երկրի առջև ծառացած երեք խնդիր կա։

«Առաջինը՝ այսօր ՀՀ-ն անվտանգ չէ։ Այսօր Սյունիքի սահմանները անվտանգ չեն։ Մենք այսօր մի երկիր ենք, որը սեփական ուժերով չի կարողանում պաշտպանել սահմաններ, չի կարողանում պաշտպանել երկրի բնակչության անվտանգությունը։ Այսօր ունենք իշխանություն, որը հետևողականորեն քայքայել է բանակը և այսօր չի անում ոչինչ այն վերականգնելու համար։ Մեր նպատակն է հաստատել արժանապատիվ խաղաղություն։ Դա չի կարող անել մի իշխանություն, որը մարմնավորում է պարտություն, խայտառակություն, նվստացում, մահեր, զոհեր։ Չեն կարող անել։ Մենք կարող ենք դա անել, մենք պատրաստ ենք դա անել»,- ասել է նա։

Երկրորդ հարցը, ըստ Քոչարյանի, Ղարաբաղի հարցն է, որը «բավականին մշուշոտ է»։

«Այդ չարաբաստիկ հայտարարությունը նոյեմբերի 9-ին ենթադրում է, որ 4.5 տարի անց Ադրբեջանը կարող է հրաժարվել ռուսական խաղաղապահ զորքերից։ Հիմա ձեզնից որևէ մեկը լսե՞լ է այս իշխանավորներից, թե ի՞նչ են անում իրենք այդ ուղղությամբ։ Արդյոք պատրա՞ստ են իրենք այսպիսի սցենարի, թե՞ ոչ։ Պարտության դեմք հանդիսացող իշխանությունը չի կարող արդյունավետ բանակցող լինել։ Հնարավոր չէ բանակցել թշնամու հետ, եթե դու չորեքթաթ տալով ես շարժվում, եթե ծնկներիդ վրա ես կանգնած։ Հետևաբար՝ պետք է գա մի իշխանություն, որն ի վիճակի է արհեստավարժ ձևով, հպարտ բանակցել և հասնել Ղարաբաղի համար բարենպաստ լուծումների։ Մենք կարող ենք դա անել»,- ասել է նա։

Եվ երրորդ հարցը, ըստ Քոչարյանի, երկրի տնտեսական վիճակն է։ Նա նշել է, որ երկիրը տնտեսական ճգնաժամի մեջ է՝ 2020թ․ տնտեսությունը 7.5 տոկոս անկում է ապրել։

«Սղաճն ուտում է ձեր՝ առանց այն էլ ցածր եկամուտները, երկիրը խրվել է արտաքին պարտքերի մեջ, չի կատարվել ոչ մի խոստում, թռիչքաձև աճը փոխարինվեց թռիչքաձև անկմամբ։ Պարտվելը միայն պարտություն չի պատերազմում։ Ձախողվելը տնտեսական ոլորտում ևս պարտություն է»,-ասել է նա։

Նա հավելել նաև, որ պարտությունն իշխանության համար պետք է առնվազն իշխանությունը կորցնելու գինն ունենա։

«Հակառակ դեպքում՝ մենք ունենալու ենք մշտապես պարտվող ազգ, այսպես կոչված, լուզերների ազգ ենք դառնալու, եթե պարտությունը իշխանության համար հետևանքներ չունենա։ Ուրեմն՝ այս իշխանությանը պետք է քշել, եթե իրենք պատրաստ չեն ինքնակամ հեռանալ»,- ասել է Քոչարյանը։

Նրա գլխավորած «Հայաստան» դաշինքին անդամակցում են ՀՅԴ-ն և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը, որի հիմնադիրը Սյունիքի նախկին մարզպետ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամ Վահե Հակոբյանն է:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---