Պուտինը Փաշինյանի հետ զրույցում կարևորել է հրադադարի պահպանումը

Պուտինը Փաշինյանի հետ զրույցում կարևորել է հրադադարի պահպանումը

PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Փաշինյանը ՌԴ նախագահին տեղեկացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածք՝ Սյունիքի մարզ ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակի մասին:

Նշվում է, որ Պուտինն անթույլատրելի է համարել հետագա էսկալացիան և իրավիճակի արագ կայունացման ու 2020 թվականի նոյեմբերի 10-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման հույս հայտնել:

Ռուսական կողմը վերահաստատել է ակտիվ միջնորդական ջանքերը շարունակելու իր տրամադրվածությունը` տարածաշրջանում կայունություն ապահովելու նպատակով:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ այս իրավիճակի լուծումը պետք է արտահայտվի ադրբեջանական զորքերի՝ ելման դիրքեր հետ վերադարձով, տեղեկացնում է վարչապետի մամուլի ծառայությունը:

Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ, շարունակվել է ԼՂ շուրջ իրավիճակի քննարկումը։

«Հայ-ադրբեջանական սահմանին վերջին միջադեպի շուրջ կարծիքների փոխանական ընթացքում Վլադիմիր Պուտինը շեշտել է նոյեմբերի 10-ի և նոյեմբերի 11-ի եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների անշեղ իրագործումը, առաջին հերթին՝ հրադադարի խստիվ պահպանման մասով։

Ռուսական կողմը հաստատել է ակտիվ միջնորդական ջանքերը շարունակելու և Երևանի ու Բաքվի միջև սերտ կապերի ապահովման տրամադրվածությունը՝ ելնելով տարածաշրջանում կայունության ապահովման շահերից»,-ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ Փաշինյանը երախտագիտություն է հայտնել ՌԴ նախագահին, արտահայտվել կառուցողական երկխոսության և գործակցության օգտին, որպեսզի բոլոր ծագող հարցերը լուծվեն խաղաղ, քաղաքական և դիվանագիտակն միջոցներով։

Անդրադարձ է եղել նաև տնտեսական և լոգիստիկ-տրանսպորտային կապերի վերականգնմանը Հարավային Կովկասում։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն հայտարարել է, որ խորհրդակցություններ է սկսում ՀԱՊԿ դիմելու համար։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---