ՊՆ․ Իրադրությունը դեռ չի հանգուցալուծվել

ՊՆ․ Իրադրությունը դեռ չի հանգուցալուծվել

PanARMENIAN.Net - Մայիսի 12-ին և 13-ին, «սահմանների ճշգրտման» պատրվակով ադրբեջանական ԶՈւ կողմից ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածների հանդեպ իրականացված ոտնձգություններից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 15-ի առավոտյան դրությամբ, դեռևս չի հանգուցալուծվել: Այդ մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։

Չնայած հանգամանքին, որ հայկական ստորաբաժանումների ձեռնարկած գործողությունների արդյունքում ադրբեջանական զինվորականները ստիպված են եղել հեռանալ որոշ հատվածներից, նրանց մի մասն այս պահին շարունակում է գտնվել ՀՀ տարածքում։

Հայաստանի զինված ուժերը կարևորում են իրադրության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, այդուհանդերձ, ևս մեկ անգամ հայտարարում, որ ոտնձգությունները ՀՀ ինքնիշխան տարածքների հանդեպ բացարձակ անընդունելի են, և ադրբեջանական կողմը պարտավոր է առանց նախապայմանների վերադառնալ իր ելման դիրքեր։

Նշվում է նաև, որ բոլոր երեք ուղղությունում, որտեղ ադրբեջանական զինուժը փորձել է դիրքային առաջխաղացում ապահովել, թե ամբողջ տարածքը, թե իրենք՝ զինվորականները, և թե նրանց ապահովման ուղիները գտնվում են հայկական զինված ուժերի լիարժեք վերահսկողության տակ։

Ակնկալվում է, որ խնդրի խաղաղ հանգուցալուծման նպատակով դեռևս մայիսի 12-ից սկսված բանակցությունները կշարունակվեն մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, ինչի մասին մայիսի 14-ին ասել էր նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Հաշվի առնելով ստեղծված իրադրության շուրջ համացանցում և տարբեր լրատվամիջոցներում տարածվող ապատեղեկատվության մեծ ծավալը, ևս մեկ անգամ կոչ ենք անում ձեռնպահ մնալ չստուգված, առավել ևս կեղծ տեղեկություններ տարածելուց: Պաշտպանության նախարարությունը, օրվա ընթացքում, պարբերաբար հանդես կգա իրադրության վերաբերյալ համապատասխան պարզաբանումներով»,-ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին։ Փաշինյանը նաև ռազմական օգնություն է խնդրել ՌԴ-ից։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---