Ոսկեպար-Կիրանց ճանապարհը փակ է, Փաշինյանի հետ հանդիպումից հետո իրավիճակը չի փոխվել

Ոսկեպար-Կիրանց ճանապարհը փակ է, Փաշինյանի հետ հանդիպումից հետո իրավիճակը չի փոխվել

PanARMENIAN.Net - Չնայած ապրիլի 29–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը՝ կիրանցիները շարունակում են փակ պահել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Ոսկեպար-Կիրանց հատվածը։

Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը ասել է, որ բնակիչները դեռ մտադրություն չունեն ճանապարհը բացելու, քանի դեռ սահմանազատման վերաբերյալ իրենց պահանջները չեն կատարվել, հայտնում է Factor.am-ը։

Նրա խոսքով՝ բնակիչները Փաշինյանի հետ հանդիպմանը կրկին պնդել են իրենց պահանջները, բայց ամեն ինչ նույնն է, ոչ մի փոփոխություն չկա, իրենք էլ վարչապետի հետ հանդիպման արդյունքից գոհ չեն։

«Այն, ինչ մինչ այս պահը եղել է, նույն ձևով մնում է։ Դեռ էլի սպասում ենք, նույն սցենարով խոսել ենք։ Էն ժամանակ էլ, երեկ էլ կրկին բարձրացրել ենք տարածքների փոխանակման հարցը։ Մարդկանց մտահոգությունները չփարատվեցին, որովհետև տներ կան, որոնք իրենց այս նոր քարտեզով ընկնում են ադրբեջանական տարածքի մեջ։ Պարզ էլ չի դեռ՝ քանի տուն է անցնելու ադրբեջանական կողմին, չեմ կարող հստակ ասել, միգուցե, մոտ 20 տուն։ Մարդիկ չգիտեմ՝ ոնց կցանկանան ապրել այդ սահմանի վրա»,- մանրամասնել է նա։

Կամո Շահինյանի խոսքով, առաջիկայում՝ մեկ-երկու օրից, իրենց բարձրացրած հարցերին պետք է պատասխան տան։

Ապրիլի 29–ին Կիրանցի վարչական ղեկավարն ու մի քանի գյուղացիներ կառավարության շենքում հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ։ Շուրջ երկու ժամ տևած հանդիպումից գյուղացիները դուրս էին եկել վրդովված, նրանք չցանկացան լրագրողների հարցերին պատասխանել։

Ապրիլի 29–ին կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը կիրանցիները բարձրաձայնել են իրենց հուզող բոլոր հարցերը: Վարչապետը հանգամանալից ներկայացրել է առկա գործընթացը և շեշտել, որ բոլոր խնդիրներին կառավարությունում քաջածանոթ են, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։ Առաջարկվել է տեղում սկսել աշխատանքները, և համատեղ քննարկումների միջոցով բարձրացվող հարցերին տալ լուծումներ։ Հանդիպմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և այլ պաշտոնատար անձինք։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---