«Ռոստելեկոմի» աջակցությամբ կայացել է «Լեգոստարտ 2021» մրցույթը

«Ռոստելեկոմի» աջակցությամբ կայացել է «Լեգոստարտ 2021» մրցույթը

PanARMENIAN.Net - Մայիսի 23-ին «Ռոստելեկոմի» աջակցությամբ առաջին անգամ անցկացվել է «Լեգոստարտ 2021» մրցույթը։ Դրա կազմակերպիչը «Այբ» կրթական հիմնադրամն է, որը Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։

«Լեգոստարտ 2021»-ն ուղղված էր ռոբոտաշինության ասպարեզում առաջին քայլերն անող թիմերի հմտությունների, կարողությունների և գիտելիքների զարգացմանը և խորացմանը, որպեսզի նրանք հետագայում կարողանան վստահորեն մասնակցել «Ռոբոտների համաշխարհային օլիմպիադա» միջազգային մրցաշարին։

Այս տարի «Լեգսոտարտն» ուներ թեմատիկ ուղղվածություն․ թիմերը մրցեցին այնպիսի խնդիրների շուրջ, որոնց լուծումները միտված են համավարակի և բնական աղետների հետևանքների հաղթահարմանը։

Մրցույթին մասնակցել է 11 թիմ Երևանից և ՀՀ մարզերից։ Տարիքային խմբերում «Լեգոստարտ 2021» մրցույթի հաղթողներ են ճանաչվել մասնակից հետևյալ թիմերը՝

- «ՆԱՎ» - տարրական տարիքային խումբ (Դիլիջան)

- «Գազպրոմ 4» -կրտսեր տարիքային խումբ (Երևան)

- «Մուշ» - ավագ տարիքային խումբ (Գյումրի)

Մասնակից թիմերից 3-ին «Ռոստելեկոմ» Հայաստան ընկերությունը նախապես տրամադրել էր Lego Mindstorms EV3/NXT լեգոհավաքածուներ, որոնցից 2-ը դարձան մրցույթի հաղթողներ։

«Մենք շատ ուրախ ենք, որ այս տարի ևս աջակիցն ենք այսպիսի հրաշալի ծրագրի։ Կարծում եմ, որ «Լեգոստարտը» շատ մեծ հնարավորություն կտա սկսնակ թիմերին հմտանալ և առաջիկայում մասնակցել ավելի պրոֆեսիոնալ մրցույթների՝ Ռոբոտների Համաշխարհային Օլիմպիադայի ազգային մրցաշարին և, ինչու ոչ, նաև՝ միջազգային փուլին։ Հաջողություն եմ մաղթում բոլոր թիմերին՝ հետագա ձեռքբերումների ճանապարհին»,-նշել է «Ռոստելեկոմ» Հայաստան ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Ընկերությունն աջակցել է նաև Creative Educational Technologies-ի կողմից կազմակերպված մասնագիտական դասընթացի իրականացմանը, որի նպատակն է սկսնակ թիմերի մարզիչների հմտությունների զարգացումը։

«Լեգոստարտ» անդրանիկ մրցույթը մեզ համար կարևոր իրադարձություն է, քանի որ առաջին անգամ ենք փորձարկում այս ձևաչափը լեգոն և ռոբոտաշինությունը սիրող էնտուզիաստների համար, ովքեր առաջին քայլերն են անում այս ոլորտում, և ես անչափ շնորհակալ եմ մեր գործընկեր «Ռոստելեկոմ» ընկերությանը, որը շարունակաբար աջակցում է ռոբոտաշինության զարգացմանը Հայաստանում։ Հենց «Ռոստելեկոմ»-ի մեր գործընկերների հետ համագործակցությամբ մենք եկանք այն եզրակացությանը, որ պետք է ստեղծենք մի նախնական հարթակ, որտեղ հնարավորություն ենք տալու սկսնակ թիմերին իրենց ուժերը փորձել ռոբոտաշինության մեջ և հետագայում ավելի լուրջ ռոբոտաշինական նվաճումներ ունենալ»,-նշել է «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը։

«Լեգոստարտ 2021»-ի թիմերը լավ հնարավորություն ունեն մասնակցելու հուլիսին կայանալիք Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլին։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---