Թանդիլյանն ու Առաքելյանը նոր ուժ են ստեղծում․ Ընտրություններին չեն մասնակցի

Թանդիլյանն ու Առաքելյանը նոր ուժ են ստեղծում․ Ընտրություններին չեն մասնակցի

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Արցախի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտարարել են, որ չեն մասնակցելու առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին։

Նրանք նոր քաղաքական ուժ են ստեղծում, որը «վերականգնելու է Հայաստանի և հայի կորցրած հույսն ու հավատը՝ վերաիմաստավորելով պատահածը, վերականգնելով ազգային արժանապատվությունը՝ Հայաստանը ապրելու երկիր դարձնելու հանձնառությամբ»։

«Արցախյան պատերազմի հետևանքով տեղի ունեցող ընտրությունները պետք է դառնային ընտրություն ապագայի տեսլականի համար, ընտրություն՝ սխալների վերաիմաստավորման մասին, ընտրություն՝ մեր ուղու և արագորեն վերակազմակերպվելու մասին։ Այնինչ, հասարակությունն ստիպված է ընտրել երկիրը կեղեքողների և երկիրը անգործության մատնածների միջև, քաղաքական ամբարտավանության և քաղաքական անմեղսունակության միջև՝ այդպես էլ չընդունելով 30 տարվա ընթացքում յուրաքանչյուրն իր մեղքի բաժինը և պարտադրելով ժողովրդին՝ «նշանակել» մեղավորներ և դատավորներ։

Բոլորի կողմից ընտրատարածք չհամարվող Արցախի մոռացության ֆոնին՝ պայքար է գնում ամեն գնով իշխանությունը պահելու, իշխանությունը զավթելու և իշխանության շրջապատում հայտնվելու համար՝ այս ամենը ներկայացնելով հանուն պետության և հանուն ժողովրդի»,-ասվում է նրանց հայտարարության մեջ։

Նշվում է, որ ակնհայտ է, որ քաղաքացիների ճնշող մեծամասությունն ընտրություն է կատարելու հուզական մթնոլորտում՝ չունենալով որևէ սպասում, դադարելով երազել․․․

«Խորհրդարանական կառավարման երկրում խորհրդարանը վերածվել է բացառապես ատելության և շոուների հարթակի, որտեղ բոլորը բոլորին մեղադրում են, բոլորը բոլորին դատում։ Նույնը շարունակվելու է նոր խորհրդարանում՝ նոր «դատավորներով» և նոր «մեղադրյալներով»։

Պաշտոնը, այդ թվում խորհրդարանական խմբակցությունը համարելով ընդամենը միջոց հայրենիքին ծառայելու համար՝ մենք գնում ենք երկրում իրական փոփոխությունների առաքելության ճանապարհով՝ այս ընտրությունը չդարձնելով պատմական նպատակ։

Մենք շարունակելու ենք մեր աշխատանքով համախմբել մտածողության փոփոխությունը, գիտելիքը, աշխատանքը, նվիրումը երկրի զարգացման հիմք համարող անհատների՝ ստեղծելով ապագայի իշխանության թիմ։ Մենք մեր քաղաքական թիմերի և համախոհների հետ ստեղծում ենք նոր քաղաքական ուժ»,-ասվում է հայտարարության մեջ։

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---