Զարիֆ․ Իրան-Նախիջևան-ՀՀ երկաթգծի առկայությունը շատ արդյունավետ կարող է լինել

Զարիֆ․ Իրան-Նախիջևան-ՀՀ երկաթգծի առկայությունը շատ արդյունավետ կարող է լինել

PanARMENIAN.Net - Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, նշելով, որ Իրանի և Հայաստանի միջև համագործակցության ոլորտները բազմաթիվ են, ասել է, որ Մեղրիի ազատ տնտեսական գոտին, ինչպես նաև Իրան-Նախիջևան-Հայաստան երկաթգծի առկայությունը շատ արդյունավետ կարող է լինել երկու երկրների համար։

«Լավ համաձայնություն է ձեռք բերվել։ Եվ հուսով եմ՝ առաջիկայում կկարողանանք ակտիվ ներկայություն ապահովել Սյունիքի մարզում: Սա այն կարևորությունն է, որ մենք տալիս ենք երկկողմ հարաբերություններին։ Ռազմավարական շատ երկխոսություն եմ ունեցել Հայաստանի գործընկերների հետ և առաջին իսկ պատեհ առիթով մեր ներկայացուցիչը, մեր բանակցողը կգա Հայաստան ու կշարունակի այդ երկխոսությունը:

Շատ կարևոր հարցեր կան և՛ երկկողմ, և՛ տարածաշրջանային շրջանակում, որին պետք է հետամուտ լինել: Մենք ցանկանում ենք խաղաղություն հաստատվի այս տարածաշրջանում: Եվ միշտ ընդգծել ենք տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և ճգնաժամերի խաղաղ լուծման մասին, Իրանը շատ կարևորում է միջազգային իրավունքին հարգանքով վերաբերվելը: Այս շրջանակում վերջին սրացումները լուծելու նպատակով, մեր երկրից երեք այց է իրականացվել Հայաստան: Առաջին այցով ես եմ այցելել, ինձնից հետո մեր հատուկ ներկայացուցիչ-բանագնացն է այցելել Հայաստան և այժմ դարձյալ ես եմ այցելում Հայաստան:

Ցավում եմ, որ այս նոր սրացման հետևանքով զոհ եք ունեցել: Երեկ ես շատ մանրամասն և բովանդակալից խոսակցություն եմ ունեցել Ադրբեջանի նախագահի հետ: Հուսով եմ՝ այսօրվա մեր հանդիպումը, ինչպես նաև իմ հանդիպումը, որ ունեցել եմ իմ հարգարժան գործընկերոջ հետ, կկարողանա նպաստել, որպեսզի այս ճգնաժամը լուծում ստանա»,-ասել է Զարիֆը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված քայլերը: Իրանի ԱԳ նախարարը շեշտել է իր երկրի շահագրգռությունը՝ տարածաշրջանի կայունության ապահովման, Հայաստանի տարածքային ամբողջականության լիարժեք պահպանման ու ապահովման հարցում:

Նիկոլ Փաշինյանը և Մոհամմադ Ջավադ Զարիֆն անդրադարձել են նաև տնտեսության ոլորտում երկու երկրների փոխգործակցության հետագա զարգացմանը վերաբերող մի շարք հարցերի: Կարևորվել է փոխգործակցության շարունակական զարգացումը գազ/էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրի շրջանակում, մասնավորապես, անհրաժեշտ է համարվել ծրագրի ժամկետի երկարաձգումը, գազի և էլեկտրաէներգիայի ծավալների մեծացումը, ենթակառուցվածքների զարգացման ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը, կրթության, մշակույթի բնագավառներում հարաբերությունների ընդլայնումը:

Մինչ ՀՀ ժամանելը Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը այցով Ադրբեջանու էր։ Նա և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում քննարկել են լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին և «կոմունիկացիոն միջանցքները»։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---