Վիվա-ՄՏՍ. Նախընտրական քարոզարշավին ընկերության ներգրավված լինելու լուրը կեղծ է

Վիվա-ՄՏՍ. Նախընտրական քարոզարշավին ընկերության ներգրավված լինելու լուրը կեղծ է

PanARMENIAN.Net - Վիվա-ՄՏՍ-ը պաշտոնապես տեղեկացնում է, որ լրատվամիջոցներից մեկում տեղ գտած հրապարակումը, թե իբր ընկերությունը ներգրավված է նախընտրական քարոզարշավին կամ քաղաքական գործընթացներին, իր ամբողջ բովանդակությամբ իրականությանը չի համապատասխանում, լիովին կեղծ է ու շինծու:

Վիվա-ՄՏՍ-ն իր ավելի քան 15-ամյա գործունեության ողջ ընթացքում, ի հեճուկս նմանօրինակ լուրերի ու անհիմն մեղադրանքների, արդեն իսկ ապացուցել է, որ երբևիցե չի ներգրավվել քաղաքական գործընթացներին կամ քարոզարշավներին: Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

Վիվա-ՄՏՍ-ն ունի ավելի քան 1200 աշխատակից, որոնք ունեն ընտանիք, ազգականներ, բարեկամներ, ընկերներ, հարևաններ: Հասարակության ցանկացած անդամ ինքը կարող է հետաքրքրվել ու ստուգել նախընտրական քարոզարշավին կամ քաղաքական գործընթացներում կազմակերպության ներգրավվածության մասին վերը նշված պնդումների իսկությունը:

Վիվա-ՄՏՍ-ը նաև հարկ է համարում տեղեկացնել, որ համավարակի առաջին իսկ օրվանից ընկերությունն աշխատում է հեռավար եղանակով և բացառությամբ հերթապահություն իրականացնող տեխնիկական փոքրաթիվ անձնակազմի ու սպասարկման կենտրոնների աշխատակիցների, գերակշռող մասն աշխատում է տանից:

Վիվա-ՄՏՍ-ը հորդորում է զերծ մնալ իր բարի համբավն արատավորելու անպատվաբեր ու անարդյունք փորձերից: Միաժամանակ՝ նմանօրինակ լուրեր տարածողներին ընկերությունն առաջարկում է հանրությանը ներկայացնել որևիցե ապացույց կամ փաստ, որ ընկերությունն իր աշխատակիցների շրջանում իրականացնում է քաղաքական քարոզարշավ կամ որևիցե ձևով ներգրավված է քաղաքական գործընթացներում:

«Վիվա-ՄՏՍ-ի գործունեությունը մշտապես եղել է բաց ու թափանցիկ և շարունակում է մնալ այդպիսին»,-ասվում է ընկերության հայտարարության մեջ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---