«Հայաստան» դաշինքը քաղկոնսուլտացիաներ կսկսի․ Օգտագործելու է ընտրության արդյունքները վիճարկելու ամբողջ գործիքակազմը

«Հայաստան» դաշինքը քաղկոնսուլտացիաներ կսկսի․ Օգտագործելու է ընտրության արդյունքները վիճարկելու ամբողջ գործիքակազմը

PanARMENIAN.Net - «Հայաստան» դաշինքն օգտագործելու է ընտրության արդյունքները վիճարկելու ամբողջ գործիքակազմը՝ այդ թվում դիմելու է Սահմանադրական դատարան: Այդ մասին ասվում է դաշինքի տարածած հայտարարության մեջ։

Նշվում է, որ դաշինքը սկսում է քաղաքական կոնսուլտացիաներ ընտրություններին մասնակցած այլ ուժերի հետ ՍԴ միասնական դիմելու հնարավորությունը քննարկելու համար։

«Հայաստան» դաշինքն իր երախտագիտությունն է հայտնում 2021թ. հունիսի 20-ի ՀՀ Աժ ընտրություններում դաշինքին աջակցած և իր օգտին քվեարկած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին: Այն վստահություն է ներշնչում, որ երկրի մասին մտահոգ մեր հարյուր հազարավոր քաղաքացիներ ոչ միայն տեսան հայ ժողովրդի առջև ծառացած գոյութենական սպառնալիքները, այլև իրենց հավանությունը տվեցին «Հայաստան» դաշինքի կողմից առաջարկած լուծումներին:

«Հայաստան» դաշինքը վերահաստատում է իր մոտեցումը, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքները խիստ վիճահարույց են և վստահություն չեն ներշնչում:

Մենք ունենք լուրջ հիմքեր այս ընտրությունները ոչ լեգիտիմ համարելու և հայտարարելու, որ այսպիսի արդյունքներով ԱԺ-ն չի արտացոլում ուժերի իրական հարաբերակցությունը»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ դաշինքի դիտարկումները և դաշինքի նախընտրական շտաբերից եկած տեղեկատվությունը փաստում են, որ խախտումները սկսվել են ընտրության օրվանից շատ ավելի վաղ:

«Իսկ բուն ընտրության օրը բազմաթիվ տեղամասերից մեր վստահված անձանց ահազանգերի նախնական ամփոփումը վկայում է, որ խոսքը գնում է ընտրության արդյունքների համակարգված և նախապես պլանավորված կեղծարարության մասին:

Մասնավորապես.

1. Ձևավորվեց ոչ մրցակցային ընտրական միջավայր, գործող իշխանության կողմից զանգվածաբար օգտագործվեցին վարչական ռեսուրսները, ձեռնարկվեցին ընտրական ահաբեկման առերևույթ գործողություններ:

2. Ընտրահաշվարկը սկսելուն պես բազմաթիվ տեղամասերում տեղի ունեցան էլեկտրաէներգիայի անջատումներ: Խոսքը գնում է մարզերի ամբողջական, առանձին համայնքների մասին՝ Արմավիր, Լոռի, Շիրակ, Արագածոտն և այլն:

3. Բազմաթիվ տեղամասերում արձանագրվեցին այդ բնակավայրերին օտար մեծ թվով քաղաքացիների առկայություն և քվեարկություն, որը հիմք է տալիս ենթադրելու, որ գործել է շրջիկ մոբիլ խմբերի կեղծարարության համակարգ:

4. Անհերքելի իրողություն է բանակի անթաքույց ուղղորդված քվեարկությունը, որն իշխանության համար ապահովել է մեծաքանակ ձայներ:

5. Առկա է խորը կասկած, որ գործել է ընտրությունների ծրագրային ապահովման կեղծարարություն, որն ի սկզբանե բացառում է օբյեկտիվ արդյունքների հնարավորությունը:

6. Առանձին համայնքներում իշխանության կողմից քողարկված ընտրակաշառքի դեպքերի մասին ահազանգեր կան»,-ասվում է հայտարարության մեջ:

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, բոլոր տեղամասերի ձայների հաշվարկով, ստացել է քվեների 53.92%-ը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 21.04%-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23%։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---