«Գալաքսի» ընկերությունների խումբը և «Այբ» հիմնադրամը համատեղ նախագծեր կանեն կրթական ոլորտում

«Գալաքսի» ընկերությունների խումբը և «Այբ» հիմնադրամը համատեղ նախագծեր կանեն կրթական ոլորտում

PanARMENIAN.Net - Երիտասարդ սերունդը կկերտի մեր ապագան, որի հիմքում կլինի որակյալ կրթությունը՝ «Գալաքսի» ընկերությունների խումբը և «Այբ» կրթական հիմնադրամը համատեղ նախագծերի մեկնարկ են դրել՝ երիտասարդների զարգացմանը, բիզնեսի և ձեռներեցության կրթությանը, ստարտափերի և գաղափարների կառավարմանն ուղղված ծրագրերի միջոցով։ Կողմերը համագործակցության հուշագիր են ստորագրել միասնական գործունեություն ծավալելու նպատակով։

«Գալաքսի» ընկերությունների խումբը շարունակում է ընդլայնել կրթական ոլորտի հետ գործակցությունը՝ առաջնահերթ համարելով կրթության միջոցով ինովացիոն միջավայրի և մշակույթի խթանումը։ Մենք պատրաստակամ ենք բիզնես գործունեության ընթացքում կուտակած լավագույն փորձը և ինտելեկտուալ կապիտալը ներդնել կրթության ոլորտում։ Ընդառաջ գնալով մերօրյա մարտահրավերներին՝ մեր տեսլականն է գիտելիքահեն և ինովատիվ լուծումների միջոցով հաղթահարել ճգնաժամերը», - ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի ԿՍՊ և գործընկերության ղեկավար Արմեն Խաչիկյանը:

«Այբ» կրթական շարժման գաղափարը մարդկային կյանքը և երկրի ապագան կրթությամբ վերափոխելն է: Իսկ նպատակը՝ սովորելու գերազանցության մշակույթ ձևավորելն ու հայկական կրթության զարգացմանն աջակցելն է։ Ողջ համայնքն իր բոլոր ջանքերն ու ներդրումներն ուղղում է 21-րդ դարի մրցունակ, ստեղծարար, փոփոխությունների պատրաստ սերնդի զարգացմանը։ «Այբի» կողմից իրականացրած ամեն ծրագիր կամ նախաձեռնություն ուղղված է այս լուսավոր նպատակին, որն իրականացնում են «Այբ» գաղափարի շուրջ համախմբված նվիրյալներ ու աջակիցներ։

«Շատ ուրախ ենք, որ կրթությունն այսօր համախմբում է ավելի ու ավելի շատ բիզնեսի ներկայացուցիչների, որոնք կրում են սոցիալական մեծ պատասխանատություն՝ մասնակցություն ունենալով կրթական լավագույն միջավայրերի և մոդելների ձևավորման ու տարածման գործում։ Վստահ եմ՝ նման գործընկերությամբ ու գիտակցությամբ մեզ կհաջողվի ավելի հաստատուն քայլերով իրականացնել կրթության ոլորտում համակարգային փոփոխություններ իրականացնելու մեր առաքելությունը», - ասել է «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը։

Հանդիպման ընթացքում, պաշտոնական մասից հետո, «Գալաքսի» ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի տեղակալ, ռազմավարության և ինովացիայի տնօրեն Էդգար Կարապետյանը «Այբի» աշակերտներին ներկայացրել է իր տեսլականը «Որոշումների կայացում և մասնագիտական կողմնորոշում» թեմայի շուրջ։ Զրույցի ընթացքում հնչեցրած հետաքրքիր երեք հարցերի հեղինակներն արժանացել են «Գալաքսիի» աջակցությամբ հայերեն թարգմանված Յուվալ Նոյ Հարարիի «Sapiens. մարդկության համառոտ պատմությունը», «21-րդ դարի 21 դասերը» և «Homo Deus. Ապագայի համառոտ պատմությունը» գրքերը։

«Գալաքսի» ընկերությունների խումբը, հիմնադրված Արամ Խաչատրյանի, Գուրգեն Խաչատրյանի և Արտյոմ Խաչատրյանի կողմից, հայկական հոլդինգային ընկերություն է, որը ներկայացնում է 15 ընկերություն 3 երկրում։ Ընկերության շրջանառության զգալի մասն ուղղվում է Հայաստանում սոցիալական պատասխանատվության ծրագրերի իրականացմանը կրթության, սոցիալական զարգացման և արվեստի ոլորտներում՝ Հայաստանում մտքի առաջնորդության և մտավոր կապիտալի զարգացման համար։

«Այբ» կրթական հիմնադրամն իր գործունեության 15 տարիների ընթացքում մշակել և իրագործել է կրթական բարեփոխումներին ուղղված բազմաթիվ ծրագրեր, նախագծել և հիմնել օրինակելի կրթական միջավայրեր, որոնք խթան են հանդիսացել ամբողջ կրթական համակարգի զարգացման համար: «Այբի» ծրագրերը բոլորի համար են․ նախագծերն ունեն տարեկան շուրջ 125,000 մասնակից։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---