Լոռու մարզպետարանում ծեծկռտուքի գործով Օձունի համայնքապետը տուժող է ճանաչվել․ Գործով մեղադրյալ չկա

Լոռու մարզպետարանում ծեծկռտուքի գործով Օձունի համայնքապետը տուժող է ճանաչվել․ Գործով մեղադրյալ չկա

PanARMENIAN.Net - Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանը տուժող է ճանաչվել՝ Լոռու մարզպետարանում նրան ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրգործի շրջանակում։ Այդ մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ գործով այլ կարգավիճակ ունեցող անձինք դեռևս չկան, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

«Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը հունիսի 22-ին հայտնել էր, որ Տիտանյանին կանչել է մարզպետը և ներկայացրել հրաժարականի դիմում գրելու անօրինական պահանջ: Ըստ Գևորգյանի` Օձուն համայնքի ղեկավարը հրաժարվել է կատարել մարզպետի պահանջը, որից հետո մարզպետարանի շենքում, 7-8 մարդու ներկայությամբ, նրան ծեծի են ենթարկել: Տիտանյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Ոստիկանություն։

Դեպքով Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քր գործ՝ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնությամբ, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Գործով մեղադրյալներ դեռ չկան։

Ավելի վաղ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, անդրադառնալով Օձունի համայնքապետին Լոռու մարզպետարանի շենքում ծեծի ենթարկելուն, ասել է, որ մանրամասների չի տիրապետում, բայց կարող է վերահաստատել 2018-ից իրենց քաղաքական ուժի կողմից բռնության անթույլատրելիության վերաբերյալ սկզբունքը։

Այն հարցին, թե քաղաքական այլ հայացքներ ունեցող աշխատակիցների պաշտոնազրկումը կվերանայե՞ն՝ Ավինյանը պատասխանել է, որ շատ կարևոր է հասկանալ, թե որ պաշտոններին ինչ քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ պետք է լինեն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---