Շիրակցիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը․ Ոռոգման ջուր չունեն

Շիրակցիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը․ Ոռոգման ջուր չունեն

PanARMENIAN.Net - Շիրակի գյուղերի բնակիչները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Բենիամին գյուղի հատվածում։ Բնակիչները բողոքում են ոռոգման խնդրից, ինչի պատճառով բերքն ամբողջությամբ վնասվել է։

Համայնքի ղեկավար Արտակ Անտոնյանն ասել է, որ գյուղերի ոռոգումը շատ վատ վիճակում է։ Նրա խոսքով՝ եղանակային այս պայմաններում կան մարդիկ, որոնք ոռոգում չեն կատարել, գրում է «Փաստինֆոն»։

«Արդեն երկու ամիս է, ինչ ոռոգման սեզոնը մեկնարկել է, բայց կոնկրետ Բենիամինի բնակչության 18-20 տոկոսն է ոռոգում կատարել միայն, այն էլ մեկ անգամ։ Այս եղանակային պայմաններում դա ոչինչ չի նշանակում։ Բերքն ամբողջությամբ փչացել է, վնասվել»,-նշել է Անտոնյանը։

Համայնքապետը մանրամասնել է՝ խնդիրն այն է, որ Կառնուտի ջրամբարը դեռևս ապրիլ ամսին պետք է սնուցվեր Արփա լճից, սակայն չի սնուցվել։

«Այնտեղ ՀԷԿ-եր կան, դրանց պատճառով Կառնուտի սնուցումն ուշ է սկսվել և արդեն փաստի առաջ ենք կանգնել։ Կառնուտի ջրամբարի տարողությունը 1-2 օրվա ջուր է հիմա»,-ասել է Անտոնյանը։

Վերջինս նշել է նաև, որ այս պահին բնակիչները շարունակում են ճանապարհը փակ պահել։ Գյուղացիների հետ հանդիպման են եկել Շիրակի մարզպետն ու ջրօգտագործողների ընկերության ներկայացուցիչները։ Այս պահին զրուցում են բնակիչների հետ, լուծումներ փնտրում, սակայն համայնքապետը չի գտնում, որ կկարողանան խնդրի որևէ լուծում գտնել։

Ավելի վաղ Արմավիրի մարզի մի շարք համայնքների բնակիչներ բողոքի ակցիա են իրականացնում Երևան-Արմավիր մայրուղում։ Արմավիրի մարզի 13 գյուղ մի քանի օր է ոռոգման ջուր չուներ։ Նրանք ևս փակել էին ճանապարհը և հորդորում էին լուծել ոռոգման հարցը։ Հողագործությամբ զբաղվողները պնդում էին` ոռոգման ջրի բացակայության պատճառով չորանում է միրգ-բանջարեղենը, ֆինանսական մեծ վնասներ են կրում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---