ՀՀ ՄԻՊ-ի կոչն արցախցիներին՝ սոցցանցերից հեռացնել կամ փակել հեռախոսահամարներն ու անձնական տվյալները

ՀՀ ՄԻՊ-ի կոչն արցախցիներին՝ սոցցանցերից հեռացնել կամ փակել հեռախոսահամարներն ու անձնական տվյալները

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ադրբեջանական իշխանությունների խուճապ առաջացնող նոր արարքների տարածում թույլ չտալու համար ֆեյսբուքյան իր էջում կոչ է արել Արցախի հայրենակիցներին սոցիալական ցանցերի էջերից հեռացնել կամ փակել հեռախոսահամարները, հասցեներն ու այլ անձնական տվյալներ:

Վերջին շրջանում ադրբեջանական հեռախոսահամարներից կազմակերպված ձևով զանգահարում են Արցախում բնակվող մարդկանց հեռախոսահամարներին և առաջարկում են գնել նրանց բնակարաններն ու խանութները։ Նրանք անձնական տվյալները վերցնում են նաև մարդկանց սոցիալական ցանցերի էջերից: Ավելին, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ակտիվացել են որոշ էջեր, որոնք ևս նպատակ ունեն հոգեբանական ճնշում գործադրել Արցախում ապրող մարդկանց վրա։

«Հորդորում եմ չպատասխանել սոցիալական ցանցերով ստացվող կասկածելի որևէ զանգի:

Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական իշխանությունները սկսել են ահաբեկման ու խուճապ առաջացնելու կազմակերպված նոր արարքներ:

Այս եզրահանգման համար հիմք են Արցախի մարդու իրավունքների պաշտպանի, Արցախի իրավապահ մարմինների վերջին օրերի հայտարարությունները, ինչպես նաև ՀՀ ՄԻՊ ուսումնասիրություններն ու ահազանգերը»,-ասվում է գրառման մեջ:

Հայաստանի ՄԻՊ-ը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում ադրբեջանական իշխանությունների այս նոր վտանգավոր քաղաքականության վրա:

«Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի համար ակնհայտ է, որ Արցախում ապրող հայերի նկատմամբ էթնիկ զտումների քաղաքականության մաս է։ Այն Արցախի բնակչության նկատմամբ ադրբեջանական իշխանությունների ցեղասպան քաղաքականության դրսևորում է:

Այս տեղեկությունը Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հայտարարության հետ միասին կուղարկվի նաև միջազգային մարմիններին»,-ասվում է գրառման մեջ:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն ամենօրյա կապի մեջ է Արցախի գործընկերոջ հետ, իրականացվում է բոլոր տվյալների, ահազանգերի մանրամասն ուսումնասիրություն և համագործակցություն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---