Սուրենյան․ Հունիսին ջերմաստիճանը գերազանցել է պատմական ռեկորդը՝ մինչև +41.2 է գրանցվել

Սուրենյան․ Հունիսին ջերմաստիճանը գերազանցել է պատմական ռեկորդը՝ մինչև +41.2 է գրանցվել

PanARMENIAN.Net - Հունիսի 23-25-ը Արարատյան դաշտում և Երևանում ունեցանք մինչև 41.2 աստիճան տաքություն, որը մոտ 2 աստիճանով գերազանցել է 1998-ին դիտված պատմական ռեկորդը՝ 39.4 աստիճանը։ Այդ մասին հայտնել է Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նրա խոսքով՝ սովորաբար ամառային սեզոնին Հայաստանի եղանակակլիմայական պայմանները ձևավորում են արևադարձային լայնություններից, հարավից, մասնավորապես՝ Իրաքից և Իրանից ներթափանցող տաք հոսանքները, որոնց բուռն ներհոսքը, ըստ օրինաչափության, սկսվում է հուլիսից։ Նա նշել է, որ այս տարի դրանք սկսել են Հայաստան ներթափանցել հունիսի առաջին 10-օրյակից, իսկ հունիսի 15-ից հետո այն ավելի է սրվել, գրում է Panorama.am-ը։

«Ունեցանք այնպիսի իրավիճակ, որ հունիսի 15-29-ն ընկած ժամանակահատվածում գրեթե բոլոր օրերին հանրապետության մի շարք շրջաններում, Արարատյան դաշտում և Երևանում առավելագույն ջերմաստիճանները գերազանցեց երբևիցե դիտված պատմական առավելագույն արժեքները»,-ասել է Սուրենյանը:

Նրա խոսքով՝ հունիսը օդերևութաբանության պատմության մեջ դարձավ և՛ միջին ջերմաստիճանով, և՛ շոգերի տևողությամբ և առավելագույն ցուցանիշներով ամենատաքը:

ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալը հայտնել է, որ Գեղարքունիքի մարզի Մասրիկի հատվածում, Արարատյան դաշտի Արտաշատ-Ուրցաձոր հատվածում և Երևանի առանձին հատվածներում ամբողջ հունիս ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել, իսկ Լոռի, Շիրակ հատվածում տեղացել է տեղումների ամսական նորմի 30-40%-ը:

Գագիկ Սուրենյանն ասել է նաև, որ այս երևույթը գիտնականները կապում են Խաղաղ օվկիանոսի Բրազիլիայի և Արգենտինայի հատվածներում Էլմինիո և Լամինիո ծովային հոսանքների հետ, որից երկրորդը սառը հոսանքն է, որի թուլացումը բերում է օվկիանոսի ջրի մակարդակի բարձրացման, որն էլ իր հերթին ամնիջականորեն ազդում է Երկրագնդի տարբեր հատվածների եղանակակլիմայական պայմանների ձևավորման վրա:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---