ՀՀ 5 խոշոր ջրամբարում 2020-ի համեմատ ջուրը պակասել է 210 մլն խմ-ով

ՀՀ 5 խոշոր ջրամբարում 2020-ի համեմատ ջուրը պակասել է 210 մլն խմ-ով

PanARMENIAN.Net - Հայաստանի 5 խոշոր ջրամբարում հուլիսի 2-ի դրությամբ 210 մլն խմ պակաս ջուր կա, քան 2020-ին։ Այդ մասին հայտնել է Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Լևոն Ազիզյանը:

«Մեր կողմից մոնիթորինգ իրականացվող 5 խոշոր ջրամբարում մոտ 210 մլն խմ պակաս ջուր կա, քան նախորդ տարվա այս օրերին, իսկ 2019 թվականի հետ համեմատած մոտ 350 մլն խմ պակաս ջուր։ Արաքս-Ախուրյան ոռոգման համակարգի տակ գտնվող ջրամբարներում 180 մլն խմ պակաս ջուր կա, իսկ Սևան-Հրազդան ոռոգման համակարգի տակ գտնվող ջրամբարներում` մոտ 30 մլն խմ»,- ասել է նա, գրում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով` մայիսի 3-րդ տասնօրյակից Հայաստանում անոմալ շոգեր են, սակավ տեղումներ, ինչով պայմանավորված՝ ձնհալքը տեղի է ունեցել աստիճանական, առանց էական հոսք առաջացնելու, իսկ ձնհալքի արդյունքում ձևավորված ջուրը ներծծվել է, և մակերևույթային հոսքի ձևավորում չի եղել։

«Հունիսին գետերի մեծ մասում միջին ամսական ելքերը նորմայի նկատմամբ 20-50 տոկոս ավելի պակաս են։ Օրինակ Ազատ գետում ունեցանք նորմայի 20 տոկոսը, այսինքն 5 անգամ պակաս ջուր, Հրազդանի ավազանում նորմայից 2.5 անգամ պակաս ջուր»,- ասել է Ազիզյանը։

Նրա խոսքով` ընդհանուր ջրամբարների ջրալցվածությունը նախորդ տարվա համեմատ բավականին ցածր է։

Սևանից նախատեսվում է լրացուցիչ ջրառ կազմակերպել: Քննարկումներում 50-70 միլիոն խորանարդ մետրի մասին է խոսվում:

ՀՀ 5 խոշոր ջրավազանային կառավարման տարածքներում դեռևս 2014-ից հայտարարված է սակավաջրություն։2020-ին ընդունվել է կառավարության որոշում, որով Սևանի և հյուսիսային կառավարման ջրավազանային տարածքներում նույնպես հայտարարվել է սակավաջրություն։ Իրավիճակը բարդ է հատկապես Հրազդան, Քասախ, Ազատ, Ախուրյան գետերի ավազաններում։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---