44-օրյա պատերազմից հետո մի շարք ինքնապանություններ կապված են մասնակիցների հոգեբանական խնդիրների հետ

44-օրյա պատերազմից հետո մի շարք ինքնապանություններ կապված են մասնակիցների հոգեբանական խնդիրների հետ

PanARMENIAN.Net - Դատախազությունը պարզել է, որ վերջին ժամանակահատվածում արձանագրված մի շարք ինքնասպանության և ինքնասպանության փորձ կատարելու դեպքեր ուղղակի առնչություն ունեն ՀՀ և Արցախի Հանրապետության դեմ 2020-ին սանձազերծված պատերազմի արդյունքում անձանց մոտ առաջացած հոգեբանական խնդիրների հետ։

Մասնավորապես, 2021թ. մայիսի 3-ին Երևանի Հալաբյան փողոցի շենքերից մեկում կատարված ինքնասպանության նյութերով պարզվել է, որ 1975-ին ծնված անձը, որը պատշգամբից նետվելու միջոցով ինքնասպանություն է գործել, որպես դիպուկահար, կամավորական հիմունքներով «Աջափնյակ» ջոկատի կազմում մասնակցել է 44-օրյա պատերազմին, գտնվել Հադրութում, Մարտակերտում՝ ողնաշարի և ոտքի շրջաններում ստանալով մարմնական վնասվածքներ: Պարզվել է, որ վերջինս մարտի դաշտում բազմաթիվ զոհեր է տեսել, կորցրել ընկերներին, պատերազմից վերադառնալուց հետո գտնվել դեպրեսիոն հոգեվիճակում, անընդհատ օգտագործել ալկոհոլ և 2021թ. մարտ և ապրիլ ամիսներին ինքնասպանություն գործելու փորձեր կատարել:

Մեկ այլ՝ 2021թ. մայիսի 10-ին Երևանի Բաբաջանյան փողոցի շենքերից մեկում բնակարանի պատուհանից նետվելու միջոցով կատարված ինքնասպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանկաում պարզվել է, որ ինքնասպանություն գործած անձի որդին՝ ժամկետային զինծառայողը, մասնակցել է 44-օրյա պատերազմին՝ լինելով ամենաթեժ կետերում՝ Շուշիում, Լիսագորում, Քարինտակում: Պատերազմի ընթացքում որոշ ժամանակ որդուց որևէ տեղեկություն չունենալով, տեղյակ լինելով նրա ընկերների զոհվելու մասին, հայրն այցելել է տարբեր դիահերձարաններ՝ փորձելով որոնել ու գտնել նրա դիակը, որի արդյունքում հոգեկան ներաշխարհը խաթարվել է:

2021թ. ապրիլի 26-ին Արտաշատի Իսակովի փողոցի շենքերից մեկի բնակիչ, 1993թ. ծնված անձը զանգահարել է ԱԻՆ և հայտնել, որ կյանքին վերջ տալու նպատակով գտնվում է Երևանի «Կիևյան» կամրջի մոտ: Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի ընթացքում նա բացատրություն է տվել այն մասին, որ կամավորական հիմունքներով մասնակցել է 2016թ. ապրիլյան և 2020թ. Արցախյան երկրորդ պատերազմի ռազմական գործողություններին: Պատերազմի ավարտից հետո չի կարողանում քնել, աչքերին զոհված զինծառայողների դիակներ են երևում, մշտապես վախի զգացողություն ունի, չի կարողանում քնել ու ապրելու ցանկություն չունի:

Ելնելով վերոնշյալից, խնդրի լուծման հրատապությունից և սոցիալական նշանակությունից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գրությամբ դիմել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարին և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ առաջարկելով վերը թվարկված դեպքերը քննարկման առարկա դարձնել պատերազմի հետևանքով առաջացած հոգեբանական խնդիրների լուծմամբ զբաղվող մասնագիտական շրջանակների հետ, առավել արդյունավետ և ընդգրկուն դարձնել պատերազմական գործողություններին անմիջական մասնակցություն ունեցած և նրանց ընտանիքների անդամներին տրամադրվող հոգեբանական և հոգեբուժական առաջնային օգնությունը:

Առաջարկվել է նաև ընդլայնել հոգեկան առողջության պահպանմանն ուղղված ծառայությունների տրամադրումը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---