Հետաքննություն․ Ալիևի զարմուհին՝ «ադրբեջանական լանդրոմատի» մասնակից

Հետաքննություն․ Ալիևի զարմուհին՝ «ադրբեջանական լանդրոմատի» մասնակից

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի զարմուհին՝ հորեղբոր, Ջալալ Ալիևի դուստրը, որը հայտնի է որպես դիջեյ Միքաելա Ջավ (Իզզեթ Հանիմ Ջավադովա), մասնակից է «ադրբեջանական լանդրոմատին»՝ փողերի լվացման (2.9 մլրդ դոլար) համակարգին, որի մասին հայտնի դարձավ 2017-ին։ Նա Ադրբեջանի «առաջին ընտանիքի» այդ համակարգի հետ առնչություն ունեցող առաջին հաստատված անդամն է։

Համապատասխան հետաքննությունը հրապարակել է Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լրագրողական հետաքննությունների նախագիծը (OCCRP)։

Ջավադովան ամուսնու հետ միասին շքեղ անշարժ գույքի սեփականատեր է Լոնդոնում և Իբիցայում, որոնց արժեքը հասնում է միլիոնավոր դոլարների։ Ջավադովան նրա ամուսնական ազգանունն է, իսկ բեմական կեղծանունը նա վերցրել է իր 22-ամյա դստեր՝ Միքաելայի, պատվին։

Վերջին տարիներին նա ամուսնու, Սուլեյման Ջավադովի հետ, դարձել է Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալության (NCA) հետաքննության օբյեկտ 13․9 մլն ֆունտ ստերլինգի (մոտ 19․6 մլն դոլար) ծագման հարցով։ Գործակալությունը կասկածում է, որ այդ միջոցները ստացվել են կոռուպցիայի և թալանի միջոցով։

Այդ միլիոնները Բրիտանիայում իրենց բանկային հաշիվներին փոխանցելու համար Ջավադովներն օգտագործել են 20 «մութ» օֆշորային ընկերություններից բաղկացած ցանցը։ Քննիչները պարզել են, որ այդ ընկերությունների մի մասը առնչություն ունի «ադրբեջանական լանդրոմատին»։

Հուլիսի 5-ին ամուսնական զույգը կարգավորել է գործը, չկանգնելով դատարանի առջև և համաձայնություն տալով Սուլեյմանի հաշիվներին պահվող այդ գումարից մոտ 4 մլն ֆեունտի կամ 5․5 մլն դոլարի բռնագանձմանը։

Բրիտանական Transparency International-ի հետ գործակցության շնորհիվ, OCCRP-ը պարզել է, որ Ջավադովան և նրա ամուսինն առնվազն 4 բնակարան ունեն Մեծ Բրիտանիայում, որից մեկը՝ Ուայթհոլ-կորտում։ 3 բնակարանը գնվել է այն տարիներին, երբ նրանք ստացել են տրանզակցիաները։

Այդ ընթացքում նրանք նաև 2 անշարժ գույք են ձեռք բերել Իբիցայում՝ իսպանական կղզում, որտեղ Ջավադովան որպես դիջեյ Միքաելա Ջավ, 2015-ին իր երեկույթներն էր կազմակերպում, որոնք կոչվում էին Mikaela & Friends։

Թեև Իզզեթ և Սուլեյման Ջավադովներն այնքան էլ հայտնի չեն Ադրբեջանում, Իզզեթի հայրը խորհրդարանի պատգամավոր է, իսկ նրա ամուսնու հայրը մինչև 2020թ․ եղել է էներգետիկայի փոխնախարար։ Հոր պաշտոնը Սուլեյման Ջավադովին «քաղաքական նշանակալի դեմքի» կարգավիճակ էր տալիս, իսկ, ըստ բրիտանական օրենքների, այդ անձինք ենթակա են լրացուցիչ ստուգման։

Մեծ Բրիտանիայում ամուսինների գումարի մի մասի բռնագանձումը ներկայացնում են որպես իրավապահ մարմինների հաղթանակ, սակայն, Ջավադովների կարողությունը չի հետաքննվել և, կարծես, առգրավման սպառնալիքի ենթակա չէ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի իշխանությունները 2012-2014-ին Մեծ Բրիտանիայում գործող ֆիկտիվ ընկերություններն օգտագործել են եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառք տալու, փողերի լվացման և այլ շահադիտական նպատակներով, իսկ «Ռոսօբորոնէքսպորտն» «օտկատներ» է վճարել Ադրբեջանին: Այդ մասին ասվում է սեպտեմբերի 4-ին հրապարակված համատեղ հետաքննության մեջ, որը կոչվում է «Ադրբեջանական լանդրոմատը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---