ԿԳՄՍՆ․ «Հայոց լեզու և հայ գրականության» միասնական քննությունից դիմորդների 13.77 %-ն է կտրվել

ԿԳՄՍՆ․ «Հայոց լեզու և հայ գրականության» միասնական քննությունից դիմորդների 13.77 %-ն է կտրվել

PanARMENIAN.Net - «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությունից դրական միավորի շեմը չի հաղթահարել դիմորդների 13.77 %-ը, տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Որոշ ԶԼՄ-ներում և սոցիալական հարթակներում տեղեկատվություն էր տարածվել, որ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության արդյունքում դիմորդների մոտ 50 տոկոսը չի հաղթահարել անցողիկ շեմը:

Նախարարությունը հայտնում է, որ քննությունների հիմնական փուլում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությանը մասնակցել է 4005 դիմորդ: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 519 դիմորդ կամ մասնակիցների 13%-ը: Միասնական քննությունների երկրորդ փուլում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությանը մասնակցել է 98 դիմորդ: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 46 դիմորդ կամ մասնակիցների 46.9%-ը:

Վերոնշյալից պարզ է դառնում, որ հիմնական և երկրորդ փուլերի արդյունքում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննություններին մասնակցել է 4103 դիմորդ: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 565 դիմորդ կամ մասնակիցների 13.77 %-ը:

Նախարարությունը ԶԼՄ-ների հորդորում է միասնական քննությունների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնել լիարժեք և ամբողջական՝ զերծ մնալով անհարկի շահարկումներից:

Միաժամանակ նախարարությունը մտահոգիչ է համարում անբավարար միավորների արձանագրված ցուցանիշները: Այդ նպատակով նախարարությունն իրականացնում է մի շարք բովանդակային բարեփոխումներ, որոնց առաջնային նպատակը կրթության որակի բարելավումն է:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---