Բլինքենը Փաշինյանի հետ զրույցում կարևորել է ԵԱՀԿ ՄԽ գործունեության վերականգնումը՝ հստակ օրակարգով

Բլինքենը Փաշինյանի հետ զրույցում կարևորել է ԵԱՀԿ ՄԽ գործունեության վերականգնումը՝ հստակ օրակարգով

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, վերջինիս նախաձեռնությամբ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, հույժ կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության վերականգնումը՝ ընդգծելով խաղաղ գործընթացի հստակ օրակարգի մշակման անհրաժեշտությունը, որը հնարավորություն կտա գտնել հակամարտության կայուն և երկարաժամկետ լուծում:

Այս համատեքստում Փաշինյանը ևս շեշտել է, որ հակամարտությունը կարգավորված չէ և պահանջում է համապարփակ լուծում, որին հնարավոր է հասնել բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:

Ամերիկյան կողմը նշել է, որ համաձայն է վարչապետի պաշտոնակատարի այն դիտարկմանը, թե ստատուս քվոն չի կարող կայուն լինել և ՄԽ համանախագահության համար անհրաժեշտ է հստակ օրակարգ, որը կնպաստի բանակցությունների հաջողությանը:

Պետքարտուղարը հավաստիացրել է, որ ԱՄՆ շարունակելու է ջանքեր գործադրել բոլոր գերիների վերադարձն ապահովելու համար:

Ամերիկյան կողմը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ` ընդգծելով ՀՀ կառավարության կողմից վերջին տարիներին ձեռնարկած հետևողական քայլերը՝ Հայաստանի ժողովրդավարական ձեռքբերումների ապահովման գործում: Այս համատեքստում, ԱՄՆ պետքարտուղարը բարձր է գնահատել Նիկոլ Փաշինյանի գործադրած ջանքերը՝ երկրում նախընտրական շրջանում ստեղծված լարվածությունը խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու և ընդդիմության հետ քաղաքակիրթ հարաբերություններ կառուցելու ուղղությամբ:

Էնթոնի Բլինքենը շեշտել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգի կարևորությունը, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարում ու արդարադատության ոլորտում և հավելել, որ ԱՄՆ պատրաստակամ է շարունակել օժանդակությունն այս ուղղությամբ:

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ Հայաստանի ձեռբերումները գնահատելու համար: Նա բարձր է գնահատել ԱՄՆ շարունակական աջակցությունը՝ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների, օրենքի գերակայության ամրապնդման, ինչպես նաև Երևանում ոստիկանության պարեկային ծառայության գործունեության մեկնարկի ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Պարեկային ծառայությունը հետագայում ընդլայնվելու է ողջ երկրում և հույս հայտնել, որ ամերիկյան օժանդակությունը հնարավորություն կտա ամբողջացնել այդ գործընթացը:

Որպես տարածաշրջանում կայունության հաստատման առանցքային նշանակության խնդիրներ՝ կարևորվել են գերիների վերադարձի և Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրս բերման հարցերը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանում ԱՄՆ, Ֆրանսիայի և ՌԴ դեսպանները չեն ընդունել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերը և հրաժարվել են այցելել Շուշի։

Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ այցը Շուշի կազմակերպվել էր Ալիևի անձնական հանձնարարությամբ։ Ադրբեջանական ԶԼՄ-ներն ուշադրություն են հրավիրում այն հանագամնքի վրա, որ այցից հրաժարվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհ երկրները և «տարօրինակ» անվանում այդ «համաձայնեցված որոշումը»։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---