Lufthansa-ն oգոստոսի 13-ից Ֆրանկֆուրտ-Երևան ուղղությամբ թռիչքներ կսկսի

Lufthansa-ն oգոստոսի 13-ից Ֆրանկֆուրտ-Երևան ուղղությամբ թռիչքներ կսկսի

PanARMENIAN.Net - Oգոստոսի 13-ից հայկական շուկա կվերադառնա Lufthansa ավիաընկերությունը: Այն չվերթեր կիրականացնի Ֆրանկֆուրտ (Գերմանիա) - Երևան - Ֆրանկֆուրտ երթուղով՝ շաբաթական 3 անգամ հաճախականությամբ:

Ֆրանկֆուրտից Երևան չվերթերը կիրականացվեն երեքշաբթի, հինգշաբթի և կիրակի օրերին, իսկ Երևանից Ֆրանկֆուրտ՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ, տեղեկացնում է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունը:

Ավիատոմսերի առկայության, դրանց ձեռքբերման և այլ մանրամասներին ծանոթանալու համար հարկավոր է այցելել ավիաընկերության կայք կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

«Մենք՝ որպես Lufthansa խմբի ավիաուղիներ, ուրախ ենք ավելացնել մեր ներկայությունը Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում և ներկայացնել մեր նոր՝ Երևան-Ֆրանկֆուրտ ուղղությունը՝ շաբաթական երեք չվերթ հաճախականությամբ:

Austrian ավիաուղիների՝ դեպի Երևան իրականացվող չվերթերի 20 տարվա արդյունավետ գործունեությունից հետո, սկսած օգոստոսի 13-ից մեր խոշոր ավիափոխադրողներից մեկը՝ Lufthansa-ն, մուտք է գործելու շուկա և Հայաստանից մեկնող մեր ճանապարհորդներին աշխարհին միանալու ավելի շատ հնարավորություններ է առաջարկելու:

Այս նոր միացումներով Lufthansa խումբը շուտով կառաջարկի շաբաթական մինչև 16 չվերթ հաճախականությամբ չվերթեր Երևանից Վիեննա, Բրյուսել, Քյոլն և Ֆրանկֆուրտ»,- նշել է Ուկրաինայի, Բելառուսի, Թուրքմենստանի և Հարավային Կովկասի վաճառքի գծով գլխավոր մենեջեր Ռենե Կոինչակը:

Lufthansa-ն Lufthansa խմբի մի մասն է, որն արդեն իսկ մեծ ներկայություն ունի Հայաստանում: Austrian ավիաուղիները վերջին 20 տարվա ընթացքում չվերթեր է իրականացնում Վիեննայից Երևան: Brussels ավիաուղիներն այժմ առաջարկում է շաբաթական 5 չվերթ Բրյուսելից Երևան և Eurowings-ը շուտով՝ 2021 թվականի օգոստոսի 5-ից, ուղիղ չվերթներ կիրականացնի Քյոլնից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---