Փաշինյան․ 104 ռազմագերու ենք վերադարձրել, աշխատանքները շարունակվում են

Փաշինյան․ 104 ռազմագերու ենք վերադարձրել, աշխատանքները շարունակվում են

PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստի ժամանակ խոսելով Արդբեջանի ապակառուցողaկան քաղաքականության մասին, ասել է, որ Ադրբեջանը, ի հեճուկս իր ստանձնած պարտավորությունների, մինչ օրս չի վերադարձրել մեր ռազմագերիներին։

Նա տեղեկացրել է, որ հուլիսի 15-ի դրությամբ կարողացել ենք վերադարձնել 104 ռազմագերու։

«Ամեն դեպքում միջազգային մեր գործընկերների հետ համագործակցությամբ շարունակելու ենք աշխատել մեր բոլոր ռազմագերիների վերադարձի ուղղությամբ, Ղարաբաղի հարցի համապարփակ կարգավորման ուղղությամբ»,-ասել է Փաշինյանը։

Ըստ նրա, Ադրբեջանն այս ապակառուցողական գործողություններով ոչ միայն խախտում է նոյեմբերի 10-ի հայտարարությունը, այլև փորձում է խաթարել հունվարի 11-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը։

Նա նշել է, որ վերջին երկու ամսում հայ-ադրբեջանական սահմանին հայկական կողմը 2 զոհ է ունեցել։

«ՀԱՊԿ գործընկերների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ուշադրությունն եմ հրավիրում այս փաստի վրա»,-ասել է նա։

Փաշինյանը հավելել է, որ Ադրբեջանի սադրիչ, ՀՀ տարածքային ամբողջականությանը սպառնացող հայտարարությունները խոչընդոտում են տարածաշրջանային կայունության և խաղաղության հաստատմանը։

Նա ասել է նաև, որ Հայաստանը բոլոր միջոցներով պաշտպանելու է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին, ասել է նաև, որ Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, թե Հայաստանը դեմ է խաղաղությանն ու խաղաղության պայմանագրին։

Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսմանը՝ համանախագահների հայտարարության մեջ նշված ֆորմատով և բովանդակությամբ։ «Հստակ է, որ մենք նախանձախնդիր հետապնդելու ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումը»,-ասել է նա։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---