ՊԵԿ պաշտոնյաների կողմից խոշոր չափի կաշառք ստանալու դեպքեր են բացահայտվել

ՊԵԿ պաշտոնյաների կողմից խոշոր չափի կաշառք ստանալու դեպքեր են բացահայտվել

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայությունը ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքեր է բացահայտել։

Մասնավորապես, ԱԱԾ Լոռու մարզային վարչության աշխատակիցների օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ առ այն, որ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության Լոռու բաժնի պետը, նախնական համաձայնության գալով իր անմիջական ենթակայությամբ գործող օպերլիազորների հետ, միմյանց միջև կատարելով դերաբաշխում և միավորելով իրենց ջանքերը, 2021-ի մայիս-հունիս ամիսների ընթացքում իրենց լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի անգործության՝ հարկային օրենսդրության ոլորտում թույլ տրված տարատեսակ խախտումները չարձանագրելու և մեղավոր անձանց վարչական պատասխանատվության չենթարկելու, ստուգման ընթացքում ի հայտ եկած խախտումները չարձանագրելու համար, Լոռու մարզում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող 4 տնտեսվարողից պահանջել և ստացել են ընդհանուր 1,900,000 դրամ կաշառք, որը բաժանել են միմյանց միջև:

Դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրգործի շրջանակում այդ հարկային ծառայողները, ինչպես նաև նրանց կաշառք տված տնտեսվարողները հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքով ձերբակալվել են:

Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Կալանավորվել է նաև պաշտոնատար անձանց 1,000,000 դրամ կաշառք տված ընկերության տնօրենը, իսկ կաշառք տված մյուս անձանց նկատմամբ կիրառվել են անազատության հետ չկապված խափանման միջոցներ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողությունները՝ պաշտոնատար անձանց կողմից կատարված այլ հանցավոր դրսևորումները բացահայտելու, կոռուպցիոն մեխանիզմում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հորդորում է տնտեսվարողներին իրենց գործունեությունը ծավալել բացառապես օրինական դաշտում և զերծ մնալ կոռուպցիոն դրսևորումներից ու զգուշացնում, որ շարունակելու է ձեռնարկել համանման միջոցառումներ՝ հանրային տարբեր բնագավառներում առկա կոռուպցիոն դրսևորումներն իսպառ արմատախիլ անելու ուղղությամբ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---