Թբիլիսիում Փարաջանովի անվան փողոց կլինի

Թբիլիսիում Փարաջանովի անվան փողոց կլինի

PanARMENIAN.Net - Թբիլիսիի ավագանուն կից գործող ազգային փոքրամասնությունների խորհրդի նախաձեռնությամբ հուլիսի 20-ին, Փարաջանովի մահվան 31-րդ տարելիցի օրը, որոշում է կայացվել փողոցը, որտեղ բնակվել է Փարաջանովը, անվանել մեծն կինոռեժիսորի անունով:

Որոշումն օրինական ուժի մեջ կմտնի օգոստոսի վերջում, գրում է AliQ Media-ն։

Սրա հետ մեկտեղ, ավագանու ներկայացուցիչները՝ փոխնախագահ Մարիկա Դարչիան, խորհրդի նախագահ Ռիտա Խիդիրբեգիշվին ու թբիլիսահայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ՝ «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, «Վիրահայերի միության» հիմնադիր Մարի Առաքելովան ծաղիկներ են դրել Թբիլիսիում Փարաջանովի արձանին:

Խորհրդի անդամ, վրաց-հայկական միության հիմնադիր Մարի Առաքելովան վերհիշել է նախաձեռնության պատմությունը:

«Այսքան տարվա ընթացքում Թբիլիսիում Փարաջանովի անվան փողոց չի եղել: Առաջին անգամ այս հարցը բարձրացրինք 2015 թվականին՝ սկսեցինք Փարաջանովի անվան մշակութային ամենամյա մրցույթներ անցկացնել, հետո՝ 2019-ին դիմեցինք խորհուրդ: Այս տարիների ընթացքում ավագանու անդամների սերտ աջակցությունն ենք ունեցել, իսկ ահա երկու տարի առաջ մեզ միացավ ռեժիսոր Գիա Ալավիձեն, ու մեծ դիմում գրեցինք»,- ասել է Առաքելովան ու հավելել, որ որոշումն ընդունվել է առաջին իսկ ընթերցմամբ:

Փարաջանովը ծնվել է Թբիլիսիում, սովորել Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտում: Նրա առաջին կինոնկարը «Մոռացված նախնիների ստվերները»-ն է (1964), որը պատմում է գուցուլ Իվանի կյանքի մասին։ Փարաջանովի գլուխգործոցներից է համարվում «Նռան գույնը» (1968), Այն պատմում է Սայաթ-Նովայի կյանքի մասին:

1973 թվականին Փարաջանովը 5 տարի ազատազրկման է դատապարտվել: Նրան մեղադրել են արվամոլության մեջ։Բազմաթիվ հայտնի արվեստագետներ դատապարտել են Փարաջանովին բանտում պահելու փաստը: Բանտում նա անցկացրել է 4 տարի:

Կյանքի վերջին տարիներին Փարաջանովը նկարահանեց ինքնակենսագրական «Խոստովանանք» ֆիլմը, որն անավարտ մնաց և հետագայում օգտագործվեց Միքայել Վարդանովի «Փարաջանով։ Վերջին Գարուն» վավերագրական ֆիլմում։

Փարաջանովը մահացել է 1990 թվականին՝ քաղցկեղից: 1991 թ-ից Երևանում գործում է Սերգեյ Փարաջանովի թանգարանը, որտեղ ցուցադրվում են նրա գծանկարները, կոլաժները և մանրանկարները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---