ՄԻՊ. Լուրջ մտահոգություն կա հոգեբուժարանում ոչ հոժարակամ բուժման գործընթացի մասով

ՄԻՊ. Լուրջ մտահոգություն կա հոգեբուժարանում ոչ հոժարակամ բուժման գործընթացի մասով

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները լրջագույն մտահոգություն են ստեղծում հոգեբուժարանում ոչ հոժարակամ բուժման գործընթացի արհեստական և անհիմն լինելու վերաբերյալ: Այդ մասին ասվում է ՄԻՊ Արման Թաթոյանի հայտարարության մեջ։

Նշվում է, որ խիստ մտահոգիչ է շարունակում մնալ հոգեբուժարանում մարդու կամքին հակառակ կամ ոչ հոժարակամ բուժմանը վերաբերող թե հոգեբուժարանների, թե´ դատարանների պրակտիկան։

Ուսումնասիրած բոլոր դեպքերում հոգեբուժարաններում գտնվող մարդկանց հիվանդության պատմագրերը չեն պարունակել ոչ հոժարակամ (մարդու կամքին հակառակ) բուժում սկսելու իրավական հիմքեր:

Գործում է խիստ խնդրահարույց պրակտիկա, երբ հոսպիտալացման և բուժման իրազեկված համաձայնության պատշաճ ապահովման փոխարեն հոգեբուժարանը դատարան է ներկայացնում միաբնույթ միջնորդություններ տիպային «Բժշկական հանձնաժողովային եզրակացությունների» հիման վրա՝ առանց մարդու ռիսկայնության և հիվանդանոցային բուժման անհրաժեշտության վերաբերյալ պատշաճ հիմնավորումների:

«Հատկապես մտահոգիչ է այն, որ տարիներ ի վեր «հոժարակամ» բուժվող մի խումբ պացիենտներ անհասկանալի հանգամանքներում և միևնույն ժամանակահատվածում դարձել են «խիստ վտանգավոր իրենց և շրջապատի համար», ինչը սակայն որևէ կերպ չի հիմնավորվում նրանց հիվանդության պատմագրերում բուժող բժիշկների գրառումներով:

Խիստ դատապարտելի է դատական պրակտիկան: Դատավորների մոտ ոչ միայն տարակուսանքի տեղիք չեն տալիս հոգեբուժարանների տիպային միջնորդությունները, այլև ոչ հոժարակամ բուժում սկսելու վերաբերյալ դատական ակտերի հիմքում, որպես կանոն, դրվում են հոգեբուժարանների միջնորդությունների տիպային ձևակերպումները՝ առանց հիմնավորող բավարար փաստարկների:

Այդ դատական ակտերը հիմնականում տարբերվում են պացիենտների անուն-ազգանուններով և հիվանդության ախտորոշումներով: Սա էլ նշանակում է, որ ոչ հոժարակամ բուժում սկսելու վերաբերյալ դատական ակտերը ևս տիպային, մակերեսային բնույթի են»,-ասվում է հայտարարությունում։

Մանրամասները ներկայացված են Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման մեխանիզմի տարեկան զեկույցում։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---