«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրով բնակարան է ձեռք բերել 6063 ընտանիք

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրով բնակարան է ձեռք բերել 6063 ընտանիք

PanARMENIAN.Net - «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրով մինչ օրս բնակարան է ձեռք բերել 6063 ընտանիք, տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը:

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը մեկնարկել է 2010 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ, որի համակարգող գերատեսչություններից է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

2010 թվականից ի վեր՝ ամեն տարի, «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի միջոցով հարյուրավոր ընտանիքներ առաջնային և երկրորդային շուկայից ձեռք են բերել բնակարաններ հանրապետության մարզերում և Երևանում:

ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանի խոսքով՝ հատկապես 2018-2019 թվականներին ծրագրին դիմողների թիվը զգալիորեն աճել է, ինչին նպաստող հանգամանքներից են եղել այդ տարիներին ծրագրի կարգում կատարված փոփոխությունները և լրացումները:

Մասնավորապես, այժմ երիտասարդ ընտանիքը սահմանվում է հետևյալ կերպ՝ «երիտասարդ ընտանիք` ընտանիք, որտեղ ամուսինների տարիքների հանրագումարը չի գերազանցում 70-ը, կամ երեխա ունեցող միայնակ երիտասարդ ծնող»:

«Համապատասխան փոփոխություններն ավելի շատ ընտանիքների են հնարավորություն տվել դառնալու ծրագրի շահառու: Այսպես, երիտասարդ ընտանիքի տարիքային շեմը բարձրացվել է մինչև 70 տարեկան՝ առանց տղամարդու և կնոջ տարիքային որևէ շեմի սահմանմամբ: Պետության կողմից սուբսիդավորման ծավալը և շահառուների թիվը շարունակաբար ավելացել են, իսկ 2019-ին հասել է դեռևս առավելագույնին՝ 1196-ի: Այդ տարի Երևանում բնակարան է ձեռք բերել 499 երիտասարդ ընտանիք, մարզերում՝ 697:

2020-ին կորոնավիրուսի համավարակով և պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ թիվը նվազել է․ Երևանում ձեռք են բերել 323 բնակարան, մարզերում՝ 558: 2021թ․ առաջին կիսամյակում Երևանում ձեռք են բերել 117 բնակարան, մարզերում՝ 269: Եթե հաշվի առնենք, որ այժմ հետպատերազմական վերականգնման փուլում ենք, ապա երկրորդ կիսամյակի թիվը կաճի: Իհարկե, բարդ կլինի հասնել 2019 -ի ցուցանիշին, սակայն առաջնայինը նախորդ տարվա ցուցանիշը չթերակատարելն է»,- ասել է Գոհար Մամիկոնյանը և հավելել, որ ծրագրի շահառու դառնալու համար վերոնշյալ չափանիշներին համապատասխանող ընտանիքները պետք է նախ դիմեն առևտրային բանկ:

Հիփոթեքային վարկը տրամադրվում է առնվազն 10 տարի մարման ժամկետով, առաջնային շուկայում առավելագույնը 7.5 տոկոսով, առանց սուբսիդավորման, իսկ երկրորդային շուկայում՝ առավելագույնը 9.5 տոկոսով, որից պետությունը սուբսիդավորում է Երևանում 2 տոկոսային կետի չափով (այսինքն` վարկառուի համար վարկի տոկոսը կազմում է առավելագույնը 7,5), իսկ ՀՀ մարզերում տրամադրված հիփոթեքային վարկերի համար` 4 տոկոսային կետի չափով (այսինքն` ՀՀ մարզերում վարկառուի համար վարկի տոկոսը կազմում է առավելագույնը 5.5): Երկրորդային շուկայից (ոչ անմիջապես կառուցապատողից) ձեռք բերվող բնակարանի գինը Երևանում և մարզերում չի կարող գերազանցել 25 մլն դրամը, իսկ առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից) ձեռք բերվող բնակարանի գինը՝ 30 մլն դրամը:

«2021-2024 թթ․ միջնաժամկետ ծախսային ծրագրերով պետության կողմից սուբսիդավորման չափը շարունակաբար աճելու է: 2021թ․ համար նախատեսված է 1 մլրդ 300 մլն դրամ, 2022-ին կհատկացվի 1 մլրդ 737 մլն 500 հազար դրամ, 2023-ին՝ 2 մլրդ 78 մլն դրամ, իսկ 2024-ին՝ 2 մլրդ 425 մլն 200 հազար դրամ», ասել է Մամիկոնյանը:

Ծրագրի հիմնական նպատակը երիտասարդ ընտանիքների բնակարանային խնդիրների հաղթահարման գործում արդյունավետ պետական աջակցության համակարգի ներդրումն է, որն էլ նպաստում է երկրում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը, արտագաղթի նվազմանը, հիփոթեքային վարկավորման համակարգի զարգացմանը, ինչպես նաև խթան է բնակարանային շինարարության և լրացուցիչ աշխատատեղերի ստեղծման համար:

 Ուշագրավ
Նախատեսվում է ռազմավարական հեռանկարում աստիճանաբար անցում կատարել պրոֆեսիոնալ բանակի
Սահմանի մնացած հատվածներում իրադրությունը հարաբերական հանգիստ է։
Զինծառայողը եղել է դիրքի շրջակայքում, այդ պատճառով էլ սկզբում կարծել են, թե նա անհետ կորել է