ԱՄՆ դեսպանը ՊՆ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Գեղարքունիք

ԱՄՆ դեսպանը ՊՆ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Գեղարքունիք

PanARMENIAN.Net - Հուլիսի 26-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ՊՆ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Գեղարքունիքի մարզ։

Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը դեսպանին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, որից հետո կազմակերպվել է այց Վերին Շորժայի հատվածի սահմանագիծ:

Դեսպան Թրեյսին վերահաստատել է ԱՄՆ-ի մտահոգությունը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով միջադեպերի վերաբերյալ և ընդգծել, որ ԱՄՆ-ն մերժում է ուժի կիրառումը սահմանազատում իրականացնելու պարագայում:

Դեսպանը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, խորապես հավատարիմ է մնում ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ քաղաքական լուծմանը հասնելու նպատակով բոլոր կողմերի հետ աշխատելու գործընթացին։ Միաժամանակ, ըստ Լին Թրեյսիի, ԱՄՆ-ն կողմերից պահանջում է հնարավորինս արագ վերադառնալ Մինսկի խմբի համանախագահների մակարդակով ընթացող բանակցություններին։

Հուլիսի 26-ին, ժամը 03:30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Հուլիսի 23-ին, ժամը 17։00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Դրան նախորդել են կրակահերթեր հենց իրենց՝ ադրբեջանական մարտական հենակետերում, ինչը կարող է պայմանավորված լինել ադրբեջանցի զինվորականների միջև տեղի ունեցած՝ միջանձնային բնույթ կրող միջադեպով։ Դրա մասին է խոսում նաև փաստը, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իր հաղորդագրության մեջ նշում է, թե հայկական կողմի բացած կրակից հետո ադրբեջանցի զինվորական է զոհվել։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակազդող գործողությունների չի դիմել մինչև այն պահը, երբ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ դիրքապահների ուղղությամբ։

Ադրբեջանական կողմի հերթական սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ 3 զինծառայող, որից մեկի վիճակը ծայրահեղ ծանր էր։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---